Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցին ոստիկանության հայտարարած՝ կոռուպցիոն սկանդալի մասին, ըստ որի՝ «Վեոլիա ջուր» ընկերության ֆինանսավորմամբ Բաղրամյանը, որն այն ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էր, գնացել է Փարիզ, ինչն ազդեցություն է ունեցել ջրի սակագնի փոփոխության վրա:
Գարեգին Բաղրամյանը հաստատեց՝ ինքն էլ է գնացել Փարիզ, բայց ոչ «Վեոլիա ջրի» ֆինանսավորմամբ, այլ՝ մայր ընկերության:
Բաղրամյանը վստահեցրեց՝ Փարիզ մեկնելու համար իրենց համար ընդամենը տոմսի գումարն են փոխհատուցել, դա եղել է փորձի փոխանակման այց.«Որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ, մի քիչ անհեթեթ է»:
Բաղրամյանի խոսքերով՝ Փարիզ են մեկնել «Վեոլիայի» մայր գրասենյակի ֆինանսավորմամբ, որը ընդունված պրակտիկա է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է, ընկերությունը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իրենց փորձին:
«Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը՝ կարող եք ուսումնասիրել օրենքները, եւ պարզ կլինի՝ սակագնի ձեւավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,-ասաց Բաղրամյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ