Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած Վանիկ Ասատրյանը ԲՀԿ-ի ռեյտինգայինով առաջադրվելու է. «Ի՞նչ է խանգարում, որ մանդատ էլ ունենամ»

Նոյեմբեր 08,2018 14:39

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը, որը ԱԺ-ում կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին ու նրան ընտրել վարչապետ, այս ընտրություններում ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից է լինելու թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում:

Aravot.am-ի հետ զրույցում նա հաստատեց իր առաջադրվելու տեղեկությունն ու ասաց. «Ամեն մի մարդ, որը մտնում է պայքարի, իր հաջողությունը տեսնում է: Իսկ հաջողությունը ժողովրդի հաջողությունն է: Ես կանխատեսումներ չեմ ուզում անել, սպասենք տեսնենք, թե ինչ քվե կտան: Ինչ քվե տան՝ այդ քվեն կծառայի»:

Հարցին՝ այս անգա՞մ էլ նախկինի նման ռեյտինգայինով գործարարներ կփորձեն մտնել ԱԺ-ի տանիքի տակ՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց, որ չգիտի, թե ով է գործարար, ով՝ օլիգարխ, ինքը նման հարցերով չի հետաքրքրվել:

Հարցին՝ ձեզ ինչի՞ համար պետք է ձայն տան՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Ես աշխատել եմ Սպիտակի քաղաքապետ, ինչ կառուցվել է՝ իմ ժամանակահատվածում է եղել, իհարկե, պետության եւ տարբեր աջակցություններ եմ բերել ես: Ես ունեմ իմ ապրածը, իմ ժողովուրդը ճանաչում է ինձ, հարգանք կա, պատիվ կա, նաեւ իմ քաղաքական գործունեությունը…Ես ԱԺ-ում հարց եմ տվել, հայտարարությամբ եմ հանդես եկել՝ Սպիտակում դեռ կա սեփական բնակարանների հարցը, որը 2008-ին կառավարության որոշմամբ ցուցակ հանեցին, էլ քաղաքապետ չեղա՝ մնաց ու մնաց այդ հարցը: Շատ բան ունեմ անելու, քաղաքում շատ պրոբլեմներ կան»:

Մեր հարցին՝ դա առանց մանդատի չե՞ք կարող անել, պետք է անպայման մանդա՞տ ունենաք՝ նա պատասխանեց. «Արել եմ եւ կանեմ, իսկ ի՞նչ է խանգարում, որ մանդատ էլ ունենամ, ավելի ճիշտ ո՞ւմ է խանգարում»:

Մեր դիտարկմանը՝ դուք խորհրդարանում շատ ակտիվ չեք եղել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու եւ այլ առումներով՝ Վանիկ Ասատրյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում ակտիվ չեմ եղել, ո՞նց, եղել եմ հանձնաժողովներում, պարտադիր քննարկումներին մասնակցել եմ, երեկ էլ եմ մասնակցել, բոլոր հարցերում վերջը իմ քվեն եմ տվել, իմ կարծիքն եմ հայտնել»: Այն, որ ելույթներ շատ չի ունեցել, ընդամենը մեկն ենք հիշում՝ Վանիկ Ասատրյանն այսպիսի պատասխան տվեց. «Ելույթները դա ես չեմ ասի, որ ակտիվություն է, դա քաղաքական գործունեություն է, որը մենք մեր խմբակցությունում ենք որոշել քաղաքական հարցերով ով պիտի ասի, ով պիտի ելույթ ունենա: Տարածքային հարցերում ես եմ եղել, եւ իմ տարածքի ժողովուրդը կգնահատի՝ նորից կգամ, չի գնահատի՝ էլի ես էդ ժողովրդինն եմ, ժողովուրդն էլ իմն է»:

Ճշտեցինք՝ այսինքն, դուք ուզեցել եք ելույթ ունենալ, խմբակցությունը չի՞ թողել ձեզ՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Խնդրում եմ պրովոկացիոն հարցեր մի տվեք, եթե քաղաքական որոշում ենք կայացնում, քաղաքական որոշման մեջ կա, թե ով պիտի խոսա, ով պիտի ասի: Դա ֆրակցիայի որոշումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930