Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկոյի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի «Ձոն Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին» ստեղծագործությունը

Նոյեմբեր 08,2018 14:32

Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրեց Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Ըստ դիրիժոր Հարություն Արզումանյանի՝ այս ստեղծագործությունը Խաչատրյանի երեք կոնցերտներից ամենաքիչ կատարվողն է, որը հեղինակն առանձնապես շատ էր սիրում։ Այն ունի յուրահատուկ արտահայտչական միջոցներ։
Թավջութակահար Ալեքսանդր Ռամը խոստովանում է, որ Խաչատրյանի երաժշտության հետ խորությամբ առնչվում է Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։ Առաջին անգամ է կատարում Թավջութակի կոնցերտը։ «Ես կարծում եմ՝ իմ բախտը բերել է՝ առաջին անգամ նվագել Խաչատրյանի ստեղծագործությունը հեղինակի անունը կրող փառատոնի ընթացքում և նրա հայրենիքում։ Հրաշալի կոնցերտ է, և այն անպայման մտնելու է իմ երկացանկի մեջ։ Այն վառ, էմոցիոնալ, նաև ազգային կոլորիտով հարուստ ստեղծագործություն է»,- ասում է Ալեքսանդր Ռամը։

Թավջութակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը կայացած է համարում. ինչպես ինքն է ասում, անմիջապես գտան ընդհանուր լեզու՝ ինչպես վայել է պրոֆեսիոնալներին։

Երեկոյի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի «Ձոն Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին» ստեղծագործությունը։ Մաեստրո Հարություն Արզումանյանը, անդրադառնալով այս գործին, նշեց, որ թեև այն մեր օրերում շատ հազվադեպ կատարվող, սակայն բարձրարժեք ստեղծագործություն է։ «Բավականին գեղեցիկ մեղեդի է, քայլերգային մոտիվն անընդհատ զարգացնելով՝ ի վերջո Խաչատրյանն իրեն շատ հատուկ ոճով հասնում է մեծ կուլմինացիայի, և ընդամենը 10 րոպեի ընթացքում ներկայացվում է մի մեծ դրամա։ Շատ հատվածներում այս գործը հիշեցնում է «Սպարտակը», Սպարտակի վերջին ողբերգական էջերը։ Հանճարեղ Խաչատրյանն ինչ նյութի էլ դիպչում էր, ստացվում էր գլուխգործոց»,- ասում է դիրիժորը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նաև Խաչատրյանի Սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից։

Անդրադառնալով թավջութակահար Ալեքսանդր Ռամի կողմից Թավջութակի կոնցերտի մեկնաբանմանը՝ Հարություն Արզումանյանը նշեց, որ մենակատարը շատ սիրով, ոգեշնչված է ներկայացնում այն՝ իր գույները փոխանցելով ստեղծագործությանը։

Հարություն Արզումանյանն ընդգծեց նաև, որ միշտ հաճույքով է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. «Երաժիշտները շատ ոգևորությամբ են աշխատում, և մեր երկխոսությունը միշտ ստացվում է»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930