Ախալքալաքում հարձակում է եղել ընդդիմությանը սատարող տեղի բնակիչներից մեկի վրա. դեռևս ինքնությունը չպարզված անձինք մահակներով ծեծի են ենթարկել Ռեմիկ Պողոսյանին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ավելի վաղ Պողոսյանը հարցազրույց էր տվել «Ռուսթավի-2» հեռուստաալիքին՝ մեծամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին մեղադրելով կոռուպցիոն գործարքների մեջ: Պողոսյանը հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորը վերահսկում է բենզինի ոլորտը, ինչպես նաև արհեստականորեն «կարգավորում» կարտոֆիլի գները, ինչի պատճառով հարյուրավոր տեղացի ֆերմերներ մնացել են առանց եկամտի:
Հարցազրույցից երկու օր անց Ռեմիկ Պողոսյանի վրա հարձակում են գործել և մահակներով ծեծի ենթարկել: Նրան տեղափոխել են հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով:
Ինքը՝ Հենզել Մկոյանը, հերքում է միջադեպի հետ իր առնչությունը և հեռուստաալիքին մեղադրում զրպարտության մեջ:
Նրա խոսքով՝ այդ օրն ինքն ամբողջ օրը եղել է իր գրասենյակում և միայն 15 րոպեով է դուրս եկել:
«Ես հավատում եմ մեր իրավապահ մարմիններին. նրանք ամեն ինչ կպարզեն և կբացահայտեն, որ դա զրպարտություն է»,- ասել է Մկոյանը:
Տեղի լրատվամիջոցներն էլ գրում են, որ Պողոսյանը ոստիկանության հետ զրույցում հերքել է հարձակման փաստը՝ հայտարարելով, որ վնասվածք է ստացել սեփական տան բակում՝ փայտ կտրելիս:
Այնուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է քննությունը, տուժածը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ