Գործադիրը հաստատել է նաև «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալու պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը: Հայեցակարգի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում քիմիական նյութերի գործածության հետ կապված իրավահարաբերությունները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված 6 երաժիշտների 2018 թ. գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին տաղանդավոր և փորձառու այդ երաժիշտների ներկայությունը նվագախմբում նպաստել է ֆիլհարմոնիկի կատարողական մակարդակի էլ ավելի բարձրացմանը, ստեղծագործական գործունեության զարգացմանը, միջազգային ասպարեզում նվագախմբի բարձր մակարդակով ներկայացմանը: Այդ երաժիշտները նաև վարպետության դասեր, ուսուցողական ծրագրեր են անցկացնում հայ շնորհալի պատանի երաժիշտների հետ՝ պատրաստելով կադրեր պղնձա-փողային գործիքների համար: Հրավիրված երաժիշտների ծախսերը (վարձատրություն, կեցություն) մինչև 2018 թ. ապրիլի 1-ը վճարել է «Լույս» հիմնադրամը: Ապրիլից հիմնադրամը դադարեցրել է ֆինանսավորումը, որը խնդիր է երաժիշտների հետագա գործունեությունը Հայաստանում շարունակելու համար: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ խնդրի հետագա լուծումը նախատեսվում է այլընտրանքային ֆինանսական աղբյուրների հաշվին, այլ ոչ թե պետբյուջեի:
Վարչապետի աշխատակազմ