Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26

Նոյեմբեր 08,2018 14:16

Կառավարության նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը: Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներն նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը և այլն: Բացի այդ, ներկայացված օրինագծերով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: Օրինագծերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, հարցադրումներ, առաջարկություններ: Արարատ Միրզոյանն առաջարկել է Ազգային ժողով ուղարկել միայն հասցեի փոփոխության հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը, իսկ մնացած հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ շարունակել քննարկումները:

 Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ օրինագծերի փոփոխությունների նպատակն է՝ մեղմել գյուղացիական տնտեսությունների և ՓՄՁ սուբյեկտների վարկային հնարավոր ռիսկերը: Ըստ նրա՝ գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների վարկային պորտֆելն այսօր կազմում է շուրջ 217 մլրդ դրամ: Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, կհստակեցվեն վարկառուների իրավունքները և վարկատուների պարտավորությունները, կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետևաբար և` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ: Նախագիծը նաև անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ կրեդիտավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը կրեդիտավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի կրեդիտավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա կրեդիտավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել կրեդիտ ստացողին:

Հավանություն է տրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագիծն ուղղված է այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման թափանցիկության ապահովմանը: Կառավարությունը գտնում է, որ համապատասխան օրենքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն հանգամանքը, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված և օպերատիվ կարգավորում պահանջող դրույթներ և այդ պատճառով դրանք պետք է կարգավորվեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծի նպատակն է ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն և առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը ներկայացրել է միայն տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930