Գործադիրը սահմանել է ՀՀ-ում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները: Հիմնավորման համաձայն՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը:
Պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակում իրականացված գնահատումների և փաստացի կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության և դիմելիության աճով։ Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց», «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրերի ընդհանուր միջոցները: Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես, «Շտապ բժշկական օգնության ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի ընդհանուր միջոցները:
Վարչապետի աշխատակազմ