Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործառույթները կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,707.144.2 հազար դրամ, ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 10,000,0 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանին ֆինանսական աջակցության ծրագիր է իրականացնում նաև միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: «Տարբեր դոնոր-պետություններ ևս մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման, զանազան ուսուցողական նյութերի հետ կապված»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին:
Վարչապետի աշխատակազմ