Արտասահմանյան երկրների դպրոցներում ռուսերենի դասերի կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Մի շարք երկրներում ռուսերենի ուսուցման կրճատումը առաջ է բերում հսկայական խնդիրներ, և դա ռուսախոսների իրավունքների կոպիտ խախտում է: Դրանք Մերձբալթյան երկրներն են, դա Հայաստանն է, Ղրղըզստանը և մի շարք այլ երկրներ, որոնք այսօր զրկում են իրենց երեխաներին ռուսերեն սովորելու հնարավորությունից»,- ասել է Մոսկալկովան լրագրողներին:
Օմբուդսմենը հավելել է, որ պետք է քայլեր ձեռնարկել դեսպանատներին կից ռուսական դպրոցներն ավելացնելու համար:
«Մենք պետք է բարձրացնենք ռուսերենի համար պայքարի մակարդակն արտասահմանում ոչ թե հանուն լեզվի, այլ հանուն նրանց, ովքեր իրավունք ունեն պահպանել իրենց մշակույթը, իրենց ռուսական ինքնությունը, և հնարավորություն տանք կրթություն ստանալ ռուսերենով»,- ընդգծել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ