Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավորություն ունե՞ք Հայաստան մտնող գազին օդ խառնեք. Հովիկ Աղազարյանը`«Գազպրոմ Արմենիայի ներկայացուցչին»

Նոյեմբեր 08,2018 13:48

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարան էր եկել ագրեսիվ տրամադրված, սակայն, իր ագրեսիան նվազեց, երբ լսեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թադեւոսյանի զեկույցը: Զեկույցից հետո պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել որ ոչ թե ընկերությունը պետք է ժողովրդին օգնի, այլ ժողովուրդը` «Գազպրոմ Արմենիային»:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում ՀՀ`գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր: Պատգամավորներն այսօր «քննում» էին «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչին:

Հնարավորություն ունե՞ք Հայաստան մտնող գազին օդ խառնեք`ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը պարզաբանեց. «Դա պայթյունավտանգ է: Գազին օդ խառնելու խնդիրը 15 տարվա պատմություն ունի, բայց դա անհնար է: Հարցը պետք է այս համատեքստում դնենք`ինչպիսի՞ կալորիականությամբ գազ է պահանջում ՀՀ սպառողը, որ ես ասեմ`մենք կարող ենք այդ կալորիականությամբ գազ մատակարարել»,- պատասխանեց Հրանտ Թադեւոսյանը`հավելելով, որ գազի կալորիականությունը տարբեր պետական հիմնարկներում չափվում եւ վերահսկվում է: «Բնակչությունը ստանում է ավելի բարձր կալորիականությամբ գազ, քան մտնում է գնի մեջ»,- ասաց նա` հավելելով, որ այդ ծախսն էլ մնում է «Գազպրոմ Արմենիայի» կամ «Գազպրոմի» վրա: «Այս խնդիրը ծագել է, որ ինչ-որ մեկը սուրճը մի քիչ ավելի երկար է եփել: Գազը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, անցնում է Վրաստանով, ոչ մի բան չի խառնվում, կալորիականությունը չափվում է մուտքի մոտ և տեղամասերում: Կախված ճնշումներից և թե որտեղից է գազը, կալորիականությունը տատանվում է 8100-8900 կկալ խմ համար»,- ասաց նա:

Պատգամավորի մյուս հարցին` իրանակա՞ն գազն է մեզ համար ավելի նպատակահարմար, թե ռուսական: «Իրանական գազը 130 դոլար պետք է լինի, որ ձեռնտու լինի Հայաստանի համար, քանի որ ռուսականը 150 դոլար է»,- ասաց Հրանտ Թադեւոսյանը` հիշեցնելով, որ Հայաստանն Իրանից այսօր գազ չի գնում, փոխանակում է էլեկտրոէներգիայի հետ:

Կարո՞ղ եք սպասարկման վարձից հրաժարվել եւ այդպիսով 2-5 տոկոս նվազեցնել գազի գինը ժողովրդի համար`շարունակեց Հովիկ Աղազարյանը:

«Ամեն ինչ ունի գին»,- ասաց ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ ՀՀ-ում համարյա բոլոր տներում կաթսաներ են դրված, որոնք սպասարկում են պահանջում: Մանրամասնեց, որ ներտնային սպասարկումը «Գազպրոմին» չի պատկանում, դա բնակչի խնդիրն է: Ասաց`քննարկումների արդյունքում, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ստեղծվեց ներտնային սպասարկող կազմակերպություն, «Գազպրոմն» էլ 40 միլիոնի ներդրում արեց`անվտանգության սարքերի մասով: «Այս խնդրին պետք է լուրջ նայենք, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի հետ»,- կարծում է ընկերության ներկայացուցիչը:

Ներտնային սպասարկման մասով ընկերության ներկայացուցչի հետ չհամաձայնեց նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա կարծում է, որ որակյալ գազասպասարկման ծառայության մեջ անվտանգության բաղադրիչը պետք է ներառվի:

Հրանտ Թադեւոսյանն այլ կարծիքի է` «Մենք խառնում ենք երկու տարբեր ծառայություններ»: Բայց, ասաց, որ իրենք խնդիր չունեն`կառավարությունն ու օրենքը թող որոշեն`ինչպե՞ս անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930