Ադրբեջանի Ռազմագերիների, գերեվարվածների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ պաշտոնական Երևանը Բաքվից գերիների փոխանակման առաջարկ չի ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Պետհանձնաժողովը 2016թ. ապրիլի 29-ին դիմում է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), որում առաջարկել է մշակել համաձայնության նախագիծ տվյալ պահին երկու կողմերում պահվողներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով անհապաղ փոխանակման մասին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ ադրբեջանական կողմն իր ուղերձում առաջարկել է հետագայում ևս գերիներին և գերեվարվածներին, այդ թվում զոհերի մարմինները փոխանակել երեք օրվա ընթացքում:
«ԿԽՄԿ-ից նշել են, որ Բաքվի առաջարկը ներկայացվել է հայկական կողմին և աշխատանք է տարվում համաձայնության նախագծի շուրջ»,- ասվում է Պետհանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ կարճ ժամկետներում գերիների փոխանակման հարցը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով քննարկվել է նաև 2017-2018թթ. Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, գերիների և գերեվարվածների որոնման Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ, իսկ նրանք էլ դա քննարկել են Հայաստանի համապատասխան կառույցների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ