«Մեր ծախսերն ավելի շատ են, քան մենք կարողանում ենք մուտքեր ապահովել»,- այսօր խորհրդարանում գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Հանձնաժողովում այսօր «քննում» էին «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչին` ոլորտում առկա իրավիճակի եւ սակագնի փոփոխության հնարավորությունների շուրջ:
Հրանտ Թադեւոսյանի ներկայացմամբ, ներկայումս սահմանին գազի վաճառքի գինը 255 դոլար է, սպառողը ստանում է 139 դրամով: Ընկերության ներկայացուցիչն ասում է`իրենց համար միեւնույն է, թե խոշոր ու մանր սպառողներին ինչքանո՞վ կվաճառեն գազը: Եթե միջինացված տարբերակ ընտրվի, ապա գինը կլինի 124 դրամ բոլորի համար: Հրանտ Թադեւոսյանը նկատեց, որ ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները, ուստի, հիմա բանակցություններ են ընթանում գնի ձեւավորման շուրջ: Գնային առաջարկները հստակ պարզ կլինեն բանակցությունների ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ, ընկերության ներկայացուցիչը բավական մեղմ էր իր դիրքորոշման մեջ: «Ո՞նց կորոշվի, այդպես էլ կաշխատենք»,- այս թեզը նրա բոլոր պատասխաններում կար` ասում էր, նա՝ նկատելով, որ իր կարծիքով բոլոր թվերն ու հիմնավորումները պետք է խելամիտ լինեն: Հրանտ Թադեւոսյանն ասաց նաեւ, որ շատ հարցեր, որոնք հիմա տրվում են, առաջիկայում քննարկումների առարկա են դառնալու, ուստի ճիշտ կլինի դիրքորոշումները վերջնականացնել քննարկումների ավարտից հետո:
Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցչի, համակարգում այժմ կորուստները 6.69 տոկոս են կազմում: Կորուստների 2.5 տոկոսը բաշխման համակարգում է: Սա, ըստ բանախոսի, անհամեմատ ավելի ցածր տոկոս է, քան անգամ եվրոպական երկրներում: «Չի կարող 50 տարվա մեխանիզմը նորմալ աշխատել»,- ասաց Հրանտ Թադեւոսյանը` հավելելով, որ համակարգը շատ վատ վիճակում է, շահագործվող սարքավորումները հնացած են: Փոփոխություններ կատարելու սահմանագիծը 2025 թվականն է, ուստի, մինչ այդ, պետք է պահպանել սակագնային քաղաքականությունը: Իսկ այդ ժամկետում, ընկերության ներկայացուցչի ներկայացմամբ, կորուստները նախատեսվում է նվազեցնել մինչեւ 1.5 տոկոս, ինչը նորմալ է:
Ընկերության շահույթն, ի դեպ, առանց հարկերի 8 տոկոս է: Հրանտ Թադեւոսյանն ասում է, որ պետք է ապահովել այնպիսի շահութաբերություն, որպեսզի կարողանանք համակարգի զարգացումը ոչ թե ռեսուրսի օգտագործման հաշվին իրականացնել, այլ զարգացման:
Նախորդ գումարման խորհրդարանում «գազի» հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ համակարգում կորուստները 5.37 տոկոս են, այժմ`6,3 տոկոս է: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց`ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը հայտնեց, որ այդ կորուստները եղել է այն ժամանակ էներգետիկայի եւ հարկային մարմնի հաշվարկը, որը երբեք չի համապատասխանել փաստացի կորուստների հետ, հետո այդ հրամանում փոփոխություն է կատարվել եւ կորուստները պետք է սահմանվեն ըստ ՀԾԿՀ մեթոդոլոգիայի, որի համաձայն ցուցանիշը շատ ավելի շատ է ստացվում, քան ընկերությունն է ներկայացնում: «Այդ բոլոր փաստաթղթերը մեզ մոտ կան, նորմատիվային կորուստը սահմանվել է 2012 թվականին, այդ հրամանը եղել է էներգետիկայի նախարարի եւ հարկային պետական ծառայության ղեկավարի միջեւ համատեղ հրաման, որի նպատակը եղել է փաստացի կորուստների օրինականացումը, իսկ հարկայինի պետը երկար ժամանակ հրաժարվում էր ստորագրել, որովհետեւ դա բերում էր հարկերի նվազման»,- հակադարձեց Միքայել Մելքումյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ