«Ամեն ինչ անելու ենք, որ ռեյտինգային համակարգը չնպաստի նրան, որ խորհրդարանի հետ կապ չունեցող մարդիկ հայտնվեն օրենսդիր մարմնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Մեր դիտարկմանը, որ համակարգն ինքը տանելու է դրան եւ նման մարդիկ կարող են նորից հայտնվել ԱԺ-ում՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց՝ պարզաբանելով. «Ձեր ասած համակարգը հենասյուներ ունի՝ գումարներ եւ պետական համակարգն օգտագործելը»:
Երբ ասացինք, որ հայկական իրականության մեջ այդ համակարգին նպաստում են նաեւ հարաբերությունները՝ ընկեր, խնամի, ծանոթ, բարեկամ՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ, վերցնենք նաեւ հարաբերությունները: Այսինքն, համակարգի համար 3 հենասյուն նշեցինք, մենք առնվազն երկուսը ոչնչացնում ենք, մնում է միայն հարաբերությունների վրա հիմնված մոտեցումը: Բայց իրենք՝ այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ այլեւս դրա կարիքը չունեն: Ձեր ասած ֆիգուրներն այլեւս կարիք չունեն նման բան անելու, որովհետեւ իրենք չեն կարողանալու այդ ձայնը «վաճառեն» իշխանության վրա՝ քվեարկության առումով, եւ երկրորդը՝ դա որեւիցե ձեւով չի կարող իրենց համար տանիք հանդիսանալ: Եթե ենթադրենք ինքը հայտնվել է պառլամենտում, բայց որեւիցե հանցագործություն է կատարել, դատախազը մտնելու է Ազգային ժողով, եւ նրան զրկելու են անձեռնմխելիությունից ու պատժելու են՝ ըստ օրենքի խստության»:
Անդրադառնալով ցուցակներին, մեկնաբանություններ կան, որ ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ իշխանության համար ռեյտինգային թեկնածուների այսպես ասած ճգնաժամ է եւ փնտրտուքների մեջ են, ուստի Ալեն Սիմոնյանը հարցին՝ ասում են, որ հարմար թեկնածուներ չունեք ռեյտինգայինի՝ պատասխանեց. «Դուք հիմա խոսում եք այդ հարմար թեկնածուներից մեկի հետ»:
Հարցին, թե ինչո՞ւ են Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Հրաչյա Հակոբյանը, բոլորը նույն ընտրատարածքից առաջադրվում՝ Մալաթիա-Սեբաստիայում՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Թող մրցակցություն լինի, ի՞նչ է եղել: Բա ի՞նչ անենք, Արարատ Միրզոյանն էլ, Հրաչյա Հակոբյանն էլ, Արայիկ Հարությունյանն էլ ընտրվել են այդ տարածքից, իրենք իրենց ընտրողներն ունեն, իրենց գործունեությունն են ծավալել այնտեղ: Ի՞նչ, ուղարկենք Սյունիքի մա՞րզ այդ մարդկանց: Սյունեցին քաղաքական առումով չի ճանաչում, գիտի, որ իր կրթության նախարարն է, իր պատգամավորն է, բայց չի ճանաչում այդ մարդկանց եւ իր տեղային գործոնը կգործի, ինչի՞ համար փոխենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ