«Իշխանությունը պետք է հաշվետու լինի հանրությանը, այլ ոչ թե իշխանության ինչ-որ սեգմենտներ հաշվետու լինեն իշխանությանը»,-այսպես արձագանքեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ՊԵԿ-ի նոր նախաձեռնությանը, ըստ որի հասարակական կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական գործունեությունն ամբողջովին տեսանելի դարձնել: Այս առիթով Պետական եկամուտների կոմիտեն նոր օրինագիծ է ներկայացրել:
Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ Արթուր Սաքունցն ասաց. «Օրինագիծն ընդհանարապես հակասում է ժողովրդավարական պետությունում քաղաքացիական հասարակություն-իշխանություն հարաբերությունների սկզբունքին եւ միայն ավտորիտար պետությունում է, որ իշխանությունը փորձում է տոտալ հսկողություն սահմանել կյանքի բոլոր բնագավառների եւ նաեւ հասարակության գործունեության նկատմամբ»:
Պարոն Սաքունցը ՊԵԿ-ին կոչ արեց նման հսկողություն սահմանել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որտեղ «հսկայական ֆինանսական միջոցներ են պտտվում»:
Ըստ Սաքունցի, ՀԿ-ներն արդեն իսկ ֆինանսական հաշվետվություն ներկայացնում են հարկային մարմնին. «Նախագծում բացարձակ հիմնավորված չէ ինչում է կայանում այս հաշվետվության իմաստը: Քաղհասարակության վրա դնել հաշվետվողականության բեռ, նշանակում է ստեղծել գործիք որով միջամտություն է իրականացվելու հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ»:
Ի պատասխան, քննարկմանը ներկա ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանն ասաց, որ այս պահին կդժվարանա ասել, թե Հայ առաքելական եկեղեցին իրավական ինչ կարգավիճակ ունի:
Արման Մնացականյանը ներկայացրեց փոփոխության անհրաժեշտությունը: ասաց, որ գործող օրենքի կիրառման ժամանակ ի հայտ են եկել տարընթերցումներ դրանք բացառելու համար են օրենքը փոխում. «Ներկայումս գործող օրենքով ՀԿ-ները պարտավոր են ամեն տարի հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե գույքի ստացման աղբյուր հանդիսացել են հանրային միջոցները: Նախատեսվում է, որպեսզի հաշվետվություն ներկայացնելու պահանջը տարածվի բոլոր հասարակական կազմակերպությունների վրա, ուղղակի այնտեղ տարանջատվում են՝ հրապարակային ոչ հրապարակային հաշվետվություններ»:
ՊԵԿ պաշտոնյայի պարզաբանմամբ՝ հրապարակային հատվածը ներառելու է ֆինանսավորող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը եւ կազմաիրավական ձեւը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ իրականացված մուտքերի չափերի:
Ոչ հրապարակային մասն իր մեջ ներառելու է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաեւ անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը. «Ոչ հրապարակային մասը բացառապես օրենքը նախատեսում է, որ պետք է իրականացվի պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից եւ դրանք հրապարակային չեն լինելու»,-ասաց պարոն Մնացականյանը: Նա վստահեցրեց, որ գործող օրենքով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ էին առաջանում: Մինչդեռ քաղհասարակության ներկայացուցիչները գտնում էին, որ օրինագիծը ռիսկի տակ է դնում ՀԿ-ի ֆինանսավորման աղբյուրներին:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի մոտ մի շարք հարցեր են ծագել՝ արդյոք բոլոր ՀԿ-ները պետք է լինեն հաշվետվություն հրապարակող եւ այս բեռը երբ դրվում է ՀԿ-ների վրա ինչ նպատակ է հետապնդում պետության կողմից. «Արդյոք հետապնդվող նպատակն այնքան ծանրակշիռ է եւ այնքան լուրջ, որ արժե ՀԿ-ներին դնել այդ վիճակի մեջ: Օրինակ azdarar.am-ում հրապարակել հաշվետվությունը դա ծախս արժե եւ արդյոք բոլոր ՀԿ-ներն ունեն այդ հնարավորությունը»:
Ըստ տիկին Տիգրանյանի, ստացվում է, որ հիմա բոլորին դիտարկում են նույն հարթության մեջ՝ չդիտարկելով նրան գործունեության ծավալը, ֆինանսական հնարավորությունները: Ասաց նաեւ, որ «շատ վատ է, որ նախագիծը ոչ մասնակցային է մշակվել»:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը գտնում է, որ նախագծի շատ դրույթներ խնդրահարույց են. «Ներկայացված հաշվետվությունները ոչ միայն ներառելու են հանրային դրամական միջոցների մասով գործունեության արդյունքները, այլ նաեւ ամբողջ գործունեություն է ընդգրկելու, ինչն արդեն ՀԿ-ներն իրականացնում են:
Վերահսկողություն իրականացնող մարմնին լրացուցիչ գործիքներ ու հնարավորություններ է ընձեռնվում՝ միջամտելու հասարակական կազմակերպությունների գործունեությանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի