Համաներման ակտում անգրագետ ձեւակերպումներ կան: Մասնավորապես, «Սասնա ծռերի գործով» տուժողների իրավահաջորդներն ունեն ակտի դեմ առարկելու եւ քաղաքացիական հայցով փոխհատուցում պահանջելու իրավունք, մինչդեռ այլ գործերով անցնողները՝ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռերի» գործով պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը պետք է քննարկեր խմբի՝ իր վարույթում գտնվող մեղադրյալների՝ Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի համաներման հարցը, բայց նրանցից երեքը չէին եկել նիստի՝ առողջական խնդիրների պատճառով:
«Եթե «Սասնա ծռերը», ենթադրաբար, կատարել են հանցագործություն, որի հետեւանքով կան ենթադրյալ տուժողներ, ապա նրանք ինչո՞վ են «առավել» մյուս գործերով տուժող-քաղաքացիներից: Օրինակ՝ ավտովթարի գործով մի կին տեւական ժամանակ է՝ անվասայլակով է շարժվում, բայց մեղադրյալը չի ընդունում մեղքը, մի կոպեկ անգամ չի տվել այդ կնոջը, ու նա իրավունք չունի փոխհատուցում պահանջել»,-նշեց Տիգրան Հայրապետյանը: Նա շեշտեց՝ եթե նշյալ մեղադրյալների գործով առաջիկայում տուժողներ «չհայտնվեն», նրանք կարող են համաներվել դատարանի որոշմամբ. «Բայց կարող է պարզվել, որ ոստիկանապետը մեր գործով էլ է տուժող («Սասնա ծռերի» գործը երեք անջատ-մասով է քննվում)…ծիծաղելի կլինի, դա քաոս կառաջացնի: Այսքան ժամանակ չի եղել փաստ այն մասին, որ նա տուժող է այդ գործով: Նա մյուս գործով է որպես տուժող անցնում (նկատի ունի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող գործը, որով մեղադրյալներ են այդ թվում Պավլիկ Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը)»:
Aravot.am-ի նկատառմանն ի պատասխան, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վերջերս հայտարարել է, որ իր զոհված ծառայակիցների թափած արյունը թանկ է, ուստի կա՞ մտավախություն, որ նա կառարկի համաներման դեմ, Տիգրան Հայրապետյանն արձագանքեց. «Դա իր խնդիրն է, լավ է, որ նա գնահատում է այդ փաստը, բայց մենք ունենք քրեական դատավարության սկզբունքներ: Հնարավոր չէ, որ այս գործով որեւէ տուժող հայտնվի ու առարկի համաներման դեմ»:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարի ԺՊ Արտակ Զեյնալյանը «Սասնա ծռերի» գործի առնչությամբ հայտարարել էր՝ հաշվի են առնվել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների՝ գործով տուժողների իրավահաջորդներ ճանաչված հարազատների իրավունքները, այդ պատճառով նրանց տրվել է համաներման դեմ առարկելու իրավունք. եթե նրանք առաջիկա դատական նիստերում առարկություն ներկայացնեն, մեղադրյալները չեն համաներվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ