Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջեի նախագծի հեղինակները նկատելիորեն ավելացրել են խորհրդարանի սպասվելիք ծախսերը. «168 ժամ»

Նոյեմբեր 08,2018 12:43

Օրենքի ուժով լուծարված (կամ, եթե կուզեք՝ ինքնալուծարված) խորհրդարանն ալարկոտ քննարկում է 2019-ի պետական բյուջեն։ Ո՛չ քննարկումները, ո՛չ էլ բուն բյուջեի նախագիծը հետաքրքրություն չծնեցին։ Պատճառը նաև այն էր, որ վարչապետն անձամբ էր քննադատել այդ նախագիծը և հասարակությանը տեղեկացրել, որ մեծ սպասելիքներ չկապեն այս փաստաթղթի հետ։

Սակայն արհամարհված ու անտարբերության դատապարտված լինելու պարագային անգամ, բյուջեի նախագիծը, ի վերջո, ՀՀ օրենքի կարգավիճակ է ստանալու։ Զուտ այս առումով հետաքրքիր է դիտարկել, թե մեր ֆինանսական իշխանությունների տեսլականում որքան գումար է արժենալու մեզ կառավարելը։

Այս տարի վերջապես ուժի մեջ մտավ Սահմանադրությունը։ Ուժի մեջ մտավ ու երկիրը հայտարարեց խորհրդարանական։ Մինչ այդ մեր երկրի կառավարումն իր վրա վերցրած մարմինը՝ ՀՀ նախագահի աշխատակազմը, տարեկան պետական բյուջեի վրա 3,5 մլրդ դրամը գերազանցող գումար էր «նստում»։ 2015թ. բյուջեում՝ 3,573 մլրդ դրամ, 2016-ին՝ 3,572 մլրդ, 2017-ին ռեկորդային՝ 3,856 մլրդ։ Բայց, քանի որ 2018-ին երկիրը միայն առաջին եռամսյակում էր լինելու նախագահական կառավարման տակ՝ նախագահի աշխատակազմի համար արդեն համարյա կրկնակիից պակաս գումար էր նախատեսված՝ 1,899 մլն դրամ։ Փաստորեն նախագահի աշխատակազմն ընդամենը մեկ եռամսյակ կառավարեց, սակայն բյուջեում նախատեսված էր համարյա կիսամյակի ծախս։

Թե իրականում որքան գումար կծախսի ՀՀ նախագահի աշխատակազմն այս տարի՝ կիմանանք միայն 2019-ի մայիսին։ Երբ կառավարությունը 2018-ի հաշվետվությունը ներկայացնի։ Այսօր կարող ենք արձանագրել, որ նոր իշխանությունները հաշվարկել, կամ պարզապես նկատել են, որ 1,899 մլրդ դրամը չափազանց շատ է նախագահի աշխատակազմի համար։ Բյուջեի եկող տարվա նախագծում այս հիմնարկության համար ընդամենը 1,145 մլրդ դրամը մի փոքր գերազանցող գումար է նախատեսված։ Ուրեմն՝ եզրակացնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը «կհամաձայնի» մեզ կառավարել և մեր պետության ներկայացուցչական պարտականությունները կատարել 40 տոկոսով պակաս գումարի դիմաց։

Հաջորդ կառավարական օղակը, որին անդրադառնում է բյուջեի նախագիծը, բնականաբար, օրենսդիր գերագույն մարմինն է։ Այն ավանդաբար բյուջետային իմաստով ամենաթանկագինն է մեր կառավարման օղակներից։ Մինչև գործող Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ խորհրդարանը 4-4,2 մլրդ գումար էր ծախսում։ Տարեկան։ Տեսեք օրենսդիրների համար 2017-ին 4,194 մլրդ դրամ էր նախատեսված։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ օրենսդիրներն իրենք իրենց համար այդքան գումար էին նախատեսել։ Իսկ 2018թ. համար (հիշեցնենք՝ մեր օրենսդիրների կարծիքով՝ երկիրն այդ տարվանից անցնում էր խորհրդարանական կառավարման համակարգի) արդեն ռեկորդային 4.645 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարվա խորհրդարանական ծախսերի հաշվարկում հավանաբար ընկած է եղել այն փաստը, որ մեր ԳԽ անդամների քանակը գործող Սահմանադրությամբ հաստատուն թիվ չէ: Եթե հիշողությունս չի դավաճանում, գործող խորհրդարանն օրենսդրությամբ նախատեսված ամենափոքր քանակն ունի։ Բնականաբար, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տարեվերջին ձևավորվելիք ԱԺ-ն ավելի մեծաքանակ չի լինելու։ Հետևաբար՝ բյուջեի նախագծի հեղինակները նկատելիորեն ավելացրել են խորհրդարանի սպասվելիք ծախսերը։ 2019-ին ԱԺ-ի համար 4,645 մլրդ դրամի փոխարեն՝ նախատեսված է 5,254 մլրդ դրամ։ Հուսանք, որ մոտ 610 մլն դրամից ավելի գումարը կբավականացնի ապագա խորհրդարանին՝ թե խելոք օրենքներ ընդունելու, թե գործադիրի աշխատանքն արդյունավետ վերահսկելու համար։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930