Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ թափանցիկության աստիճանն ապահովելու համար»

Նոյեմբեր 08,2018 12:38

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությանը այսօրվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով Աշոտյանն առաջարկում է փոխել այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը: Աշոտյանն առաջարկում է, որ այդ լիազորությունը վերապահվի կառավարությանը:

Հարցը զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց. «Երկրորդ հոդվածով առաջարկվում է նախատեսել վերոհիշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու նպատակի, օգտագործման անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարների մասին վարչապետի պաշտոնական կայքում հրապարակել որոշակի տեղեկություններ՝ այդ ծախսերի նկատմամբ թափանցիկություն ապահովելու համար»:

Նա նշեց, որ նպատակահարմար չէ ընդունել այս նախագիծը այն պատճառաբանությամբ, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը, քանի որ կան պետական անվտանգության հանգամանքներ: Ըստ պարոն Զեյնալյանի՝ կառավարությանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ այս օրենքի նախագծին՝ ելնելով պետական ու ծառայողական գաղտնիք չհրապարակելու նկատառումներից:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան իր զարմանքը հայտնեց Աշոտյանի առաջարկի վերաբերյալ, ասելով՝ «Ըստ էության, հեղինակը՝ շատ հարգարժան պարոն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը և թափանցիկության աստիճանն ապահովելու համար և ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, որը բազմիցս աչքի է ընկել հատկապես ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով, սա զարմանալի է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930