Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թովմաս Պողոսյան. «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 08,2018 12:23

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ։

– Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որեւէ փոփոխություն զգացե՞լ եք։

– Փողոցում քայլում եմ եւ ժողովրդի դեմքին ժպիտ եմ տեսնում։ Նույնիսկ աշխատավարձերի կամ թոշակների գումարը չի ավելացել, ոչ մի բան չի փոխվել, բայց ժողովրդի դեմքին ժպիտ է հայտնվել։ Իսկ նախկինում բոլորը գլուխները կախ եւ մտազբաղ հայացքներով էին քայլում։

– Ապագայում ի՞նչ անելիքներ ունեք։ Տարին արդեն ամփոփվում է, ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք, որ պետք է շարունակեք հաջորդ տարի։

– ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը վերջին շրջանում համերգային շրջագայություններ է ունեցել Լիբանանում, Շվեդիայում եւ Ավստրալիայում։ Այս տարի մեր անսամբլը զբաղված է ձայնագրություններով։ Գրում ենք նոր երգեր, մոռացված կամ անհայտության մեջ մնացած մեծ աշուղների եւ մեր օրերի աշուղների երգերը, որոնք հանձնում ենք Հայաստանի հանրային ռադիոյի ֆոնդին ի պահ։ Այս պահին զբաղված ենք դրանով։ Դրանից առաջ մեկնեցինք Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու։

Ի դեպ, երբ մեկնում էինք Արցախ բարեգործություն անելու, նորից դիմել եմ իմ բարեկամներին, որոնք օգնել են, որպեսզի կարողանամ «Սայաթ-Նովա» անսամբլը տանել ոգեւորելու հայոց բանակի զինվորներին։ Դիմեցի ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնենք Արցախ եւ վերադառնանք, սակայն պաշտոնական պատասխան ստացա՝ «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»։ Այսինքն՝ ես հինգ ամիս առաջ պետք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ։ Իսկ ես նրանց հետեւյալ կերպ պատասխանեցի, «եթե վաղն, Աստված մի՛ արասցե, պատերազմ սկսվի, եւ դիմեմ, ասեմ տասը ավտոմատ տվեք, գնում եմ սահման, ինձ պետք է պատասխանեք՝ ուշ եք դիմե՞լ, պետք է դիմեիք հինգ ամիս առա՞ջ»։ Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է։ Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները։ Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է։

– Դուք փորձե՞լ եք մտնել Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մոտ։

– Ես հեռախոսահամարս փոխանցել եմ եւ խնդրել, որ նախարարը զանգահարի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել։

Զրուցեց Նատալյա ՊՈՂՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930