Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ընկերներ ունենալն ինքնին չի կարող դատապարտելի լինել, և ավելին, այդ հանգամանքը ինքնին վկայում է, որ Հայաստանն Ադրբեջան չէ. «Ժամանակ»

Նոյեմբեր 08,2018 12:18

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հերթական ռազմատենչ հայտարարությունն էր արել Հայաստանի ու Արցախի հասցեին, ասելով, թե Ադրբեջանը շարունակելու է մեծացնել իր ռազմական ներուժը, որպես նաև բանակցային հզոր զենք, և եթե հայկական ուժերը չհեռանան «ադրբեջանական տարածքներից», ադրբեջանական բանակը կհեռացնի նրանց: Հայաստանում ինչ-որ իմաստով «իմունիտետ» է գործում Ալիևի այդ հայտարարությունների հանդեպ, դրանք դարձել են սովորական, կամ դառնում են, սակայն ներկայումս կա մի բավականին ակնառու անհամարժեք զուգահեռ՝ Ալիևի հերթական այս հայտարարության ֆոնին հայկական համացանցում ինչ-որ աղմուկ է «խաղաղասիրության» շուրջ, որ առաջացել է մի լուսանկարի պատմությունից և, կարծես թե, հասել նրան, որ կարծիքների հակադրությունը խթանել է «ադրբեջանասիրության» յուրօրինակ «ֆլեշմոբ», երբ տարբեր օգտատերեր փորձում են «հպարտանալ», որ ունեն ադրբեջանցի ընկերներ:

Ադրբեջանցի ընկերներ ունենալն ինքնին չի կարող դատապարտելի լինել, և ավելին, այդ հանգամանքը ինքնին վկայում է, որ Հայաստանն Ադրբեջան չէ, քանի որ հազիվ թե հնարավոր լինի այնտեղ պատկերացնել այդպիսի բան: Սակայն խնդիրը տվյալ պարագայում ընդհանրապես հասարակական մտածողության ու վարքագծի խորքային համարժեքությունն է: Հարևան պետության հակառակորդը շարունակում է սպառնալ իր բանակով, ուղիղ, բաց տեքստով: Այդ հանգամանքը Հայաստանում անշուշտ չպետք է, այսպես ասած, կոտրի խաղաղության օգտին պետական դիրքորոշման մեջքը, հանրային դիրքորոշման մեջքը, սակայն մյուս կողմից ավելորդ «խաղաղասիրությունը» չպետք է բերի մի իրավիճակի, երբ կողմնակի աչքի համար կարող է տեսանելի դառնալ մի բան, ինչն իրականում չկա: Կողմնակի աչքի համար դա կարող է բերել մի տպավորության, որ Հայաստանում կա ինչ-որ բախում՝ խաղաղասերների և պատերազմ տենչացող ագրեսիվների միջև, ադրբեջանցիներին ատողների և չատողների միջև, ու կա այնքան, որ պարբերաբար դառնում է հասարակական քննարկումների աղմկոտ թեմա:

Իրականում Հայաստանում չկա այդպիսի բան, Հայաստանում չկա ադրբեջանցիների հանդեպ ատելության խնդիր, պատերազմահենության խնդիր, որ հարկ լինի դրան էլ հակակշռել խաղաղասիրությամբ կամ «ադրբեջանասիրության» պարբերական «ֆլեշմոբերով»: Հայաստանը խաղաղության խնդիր չունի, այդ խնդիրը կա սահմանից, առաջնագծից այն կողմ: Հայաստանն այդ հարցում որևէ մեկին, կամ ինքն իրեն ապացուցելու որևէ բան չունի, հետևաբար պետք չէ «խաղաղասիրության» աղմուկով կամ «մարտնչող խաղաղասիրությամբ» ստեղծել տպավորություն, որ Հայաստանն ու Ալիևը նույն հարթության վրա են:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930