Կառավարության նոր ծրագրով պետք է քիչ թե շատ չափելի թիրախներ լինեն։ Այսպես, ակնկալում եք ներդրումային հոսք և, դրա արդյունքում գործազրկության և աղքատության կրճատո՞ւմ, շատ լավ, ուրեմն գոնե մոտավոր նշեք, թե ի՞նչ ծավալի ներդրումներ եք ակնկալում և, դրա արդյունքում՝ աղքատության և գործազրկության մակարդակի ինչպիսի՞ կրճատում։ Նույնը՝ զբոսաշրջության մասով։ Կամ, եթե խոսում ենք տնտեսության գերակա ոլորտների և տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխության մասին (հանքարդյունաբերությունից և խաղադրույքներից չկախված տնտեսություն), ապա պետք է հասկանանք տնտեսության որ ճյուղը մոտավոր ինչ կշիռ պետք է ունենա տնտեսության մեջ տարիներ հետո։ Ընդ որում, եթե ասում ենք, որ հանքարդյունաբերության կշիռը պետք է նվազի, ՏՏ ոլորտինը աճի՝ պետք է հստակեցվի՝ կառուցվածքի այդ փոփոխությանը հասնելու ենք հանքարդյունաբերության բացարձակ ծավալների կրճատմա՞ն միջոցով, թե՞ ՏՏ ոլորտի առաջանցիկ աճի։ Ըստ այդմ էլ պետք է մշակվի նաև Հարկային օրենսգրքի բովանդակային ու արմատական փոփոխությունը։
Թիրախներից կամ «պետք է»-ներից բացի՝ պետք է նաև հստակեցվի, թե ինչպե՞ս ենք հասնելու դրանց, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ և ի՞նչ գնով։ Ու այս ամենը պետք է հստակ արտացոլվի ծրագրային բյուջեներում, որպեսզի նախկինի նման՝ բյուջեն չլինի ընդամենը ծախսերի և եկամուտների «դավթար»։
Սա նշանակում է, որ հաջորդ տարվա բյուջեն, որը Նիկոլ Փաշինյանն անվանում էր նախորդ կառավարության բյուջեի ուրվական, պետք է ոչ թե պարզապես որոշ փոփոխությունների ենթարկվի, այլ պետք է արմատապես փոխվի, կարելի է ասել՝ զրոյից գրվի:
Հենց այս պատճառով ենք ասում, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է, որովհետև դա չափազանց ծանր և ռեսուրսատար աշխատանք է։ Ընդ որում, կա նաև մեկ այլ դժվարություն։ Որպեսզի ծրագրային բյուջետավորումը լինի արդյունավետ, պատգամավորները պետք է գիտելիքների և տեղեկացվածության որոշակի պաշար ունենան, որպեսզի կարողանան կառավարության գործունեությունը պատշաճ վերահսկել։ Նախորդ տարիներին այս ուղղությամբ քիչ աշխատանք չի տարվել, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցությամբ։ Սակայն, ընդամենը 1.5 ամսից ունենալու ենք նոր Ազգային ժողով, որտեղ մեծամասնությունը լինելու են նոր դեմքեր։ Ու ժամանակ է պետք լինելու, մինչև այս մարդիկ մտնեն «թեմայի մեջ»։ Նշենք նաև, որ ապագա խորհրդարանի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է լինելու նաև ապագա պատգամավորների կրթական ու մասնագիտական որակներով։
Իսկ ի՞նչ ունենք այս պահին։ Ունենք մոտ 20 օր մինչև քարոզարշավի մեկնարկը, և աղոտ հույս, որ ընտրություններին մասնակցող բոլո՛ր ուժերը գոնե քիչ թե շատ հիմնավորված ծրագրերով կներկայանան։ Սակայն, որ կունենանք ծրագրային պայքար, դրա նախանշանները կրկին չեն երևում։ Ըստ ամենայնի, հասարակությունը նախկինի պես ուշադրություն չի դարձնելու առանձին ուժերի ծրագրերին և քվեարկելու է՝ լրիվ այլ մոտիվացիաներով առաջնորդվելով։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում