«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ։
– «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց։ Օրինակ, ուժեր կան, որոնք, խոսելով այս մասին, ասացին՝ գուցե իրենք հիմա ավելի շահեկան վիճակում են, քանի որ ռեյտինգայինը մնաց։ «Դաշնակցության» մասով ի՞նչ կասեք։
– Ես ձեռնպահ կմնամ այդ առումով դրական կամ բացասական գնահատումներից, որովհետեւ թե՛ անցնելու, թե՛ չանցնելու պարագան ունեն որոշակի դրական եւ բացասական կողմեր։ Այսինքն՝ շնորհակալ գործ չէ այդ մասով գնահատում անելը։
Անշուշտ, փոփոխությունների պարագայում կային բավականին դրական մոտեցումներ։ Թեեւ մեր ներկայացված առաջարկները ներառված չէին, այնուամենայնիվ այդ օրենսգիրքը քայլ առաջ էր։ Նկատի ունենալով ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փաստը եւ այս կարճ ժամանակահատվածը՝ գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է։ Ըստ էության, ժամանակ չկար նորին ադապտացվելու, եւ կարող էր ցայտնոտային իրավիճակ ստեղծվել։
– Ասացիք՝ ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր։ Ի՞նչ նկատի ունեք։
– Օրենսգրքում փոփոխությունները ենթադրում են նաեւ նորմատիվ կարգավորումներ ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի լավատեղյակ լինեն կատարված փոփոխություններին։ Կուսակցությունների մասով՝ ցանկերը կազմելու հետ կապված խնդիրներ, որովհետեւ ռեյտինգայինի պարագայում այլ տրամաբանություն է, համամասնականի պարագայում՝ այլ։ Այս բոլորը խնդիրներ են առաջացնում։ Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար հեշտ կլիներ ադապտացվել նոր իրավակարգավորումներին։ Չեք կարող մատնացույց անել որեւէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ եւ դրանից անմիջապես հետո տեղի ունենան ընտրություններ։ Սա ճիշտ պրակտիկա չէ եւ չի ողջունվում։ Դրանով է պայմանավորված, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս հարցում։ Դրանք իրական կյանքից բխած սկզբունքային դիրքորոշումներ են:
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Վրիպակ կա, ուղղեք։ Վերջից երրորդ՝ «Չեք կարող մատնացույց անել որեւէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ եւ դրանից անմիջապես հետո տեղի ունենան փոփոխություններ» նախադասության վերջին բառը՝ «փոփոխություններ»-ը դարձրեք «ընտրություններ»։
Շնորհակալ ենք: Ուղղեցինք