4-ամյա Սեդա Ապրեսյանի մոտ այս ամռանը հայտնաբերվել է աստրոցիտոմա՝ գլխուղեղի ուռուցք։ Հիվանդությունը հայտնաբերվելուց մեկ շաբաթ անց երեխան բարձր ջերմության է ունեցել եւ ընդունվել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Մայրը՝ Լիանա Միրզոյանը, պատմում է, որ մի օր, երբ միջանցքում քայլելիս է եղել երեխայի հետ, հարեւան հիվանդասենյակում բուժվող մի երեխայի մայր մոտեցել է, հարցուփորձ արել աղջկա առողջական խնդիրների մասին։ Իսկ արդեն հաջորդ օրը եկել է ոմն Սրբուհու հետ, որն, ինչպես ասել է, մորաքրոջ աղջիկն է: Վերջինս ներկայացել է որպես վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական ու իր օգնությունն առաջարկել՝ արտերկրում երեխայի բուժման գումարը հայթայթելու հարցում։ «Ասաց՝ ես սրտացավ եմ, որ ասել է մորքուրիս աղջիկը՝ ուզում եմ օգնել։ Մարդիկ հատուկ դիմում են ինձ, ես ինքս եմ եկել իմ ոտքով։ Ներկայացավ, որ աշխատում է Աննա Հակոբյանի հետ, իր օգնականն է, կա այսպիսի բարեգործական կազմակերպություն՝ «Խաղաղության աղավնի», որ ուռուցքով երեխաներին օգնում են, ասաց՝ ես ուզում եմ ձեզ օգնած լինել։ Ես էլ ուրախացա՝ խառնվեցինք իրար»,- վերհիշեց Լիանան։
Նախապատրաստել ու Սրբուհուն են տրամադրել բոլոր փաստաթղթերը, անձնագրերի պատճենները։ Լիանա Միրզոյանի՝ ՌԴ-ում բնակվող հորաքրոջ աղջիկը մինչ այդ պայմանավորվել էր Բուրդենկոյի անվան Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում աշխատող բժիշկներից մեկի հետ, որը ստանձնել էր 4-ամյա աղջկա վիրահատությունը՝ պահանջելով 12 500 դոլար։ Համապատասխան փաստաթղթերը նույնպես փոխանցվել են Սրբուհուն։ «Վայ, որ բժիշկն էլ կա, գումարի չափը կա, հենց դա մեզ պետք է, կարեւոր է»,- զրուցակցի փոխանցմամբ՝ ասել է նա։
Հետո, սակայն, Սրբուհին հայտնել է, որ Գերմանիայում աշխատող մի բժշկի հետ են պայմանավորվել, սպասում են, որ նա հրավեր ուղարկի, որ հատկացվի նաեւ գումարը։ «Ես ասացի՝ իսկ Ռուսաստանի՞ բժիշկը։ Նա թե՝ Գերմանիան է լավ, այնտեղ ոչ մի վիրահատություն չի լինելու, ՛դեղորայքով բուժելու են, վեց ամիս իրենք ձեզ պահելու են, նույնիսկ երեխային թոշակ են տալու։ Դե ծնող ենք, հավատացինք։ Մտածեցինք՝ Գերմանիայում ավելի լավ է, Գերմանիան փորձենք»,- ասաց Լիանա Միրզոյանը։
Տեսնելով, որ Գերմանիայում բուժումն ուշանում է ու այնքան էլ հաստատ չէ, որոշել են հարազատների տրամադրած ու իրենց ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարով 4-ամյա աղջան տեղափոխել Մոսկվա։ Սրբուհին տեղյակ է եղել, որ նրանք այլեւս չեն ուզում սպասել, ինքնաթիռի տոմս են գնել, իսկ Մոսկվա հասնելուց ընդամենը կարճ ժամանակ անց հաղորդագրություն է գրել, թե ձեր գումարն արդեն կա, ինչ անենք։ Լիանա Միրզոյանը խնդրել է պահել՝ ասելով, որ կվերադառնան։ Բայց նրա այդ հաղորդագրությունն այդպես էլ անպատասխան է մնացել։ Մոսկվայում աղջկան վիրահատել են։ Բայց ուռուցքը ամբողջությամբ չեն հեռացրել՝ խորը տեղակայման պատճառով, որը նորից մեծացել ու ճյուղավորվել է, եւ դարձյալ մեծ գումարների անհրաժեշտություն կա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում