Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե այնքա՞ն էլ տարօրինակ չէ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովում «անցկացնելու» համար ընդամենը 1 ձայն չբավականացրեց. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 08,2018 11:04

Այն բանից հետո, երբ երեկվա լրահոսում հանդիպեց 4-րդ, թե 5-րդ հրապարակումը առ այն, որ ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյան առաջադրվելու է տարածքային ցուցակով, որն ավելի շուտ հայտնի է որպես «ռեյտինգային ընտրակարգ», որոշակի հանգամանքներ «տեղն ընկան», զուգահեռաբար՝ որոշ հարցեր էլ ծագեցին:
Ակնհայտ է, որ «Քաղպայմանագիրը», որ հանդես է գալու «Իմ քայլը» դաշինքով, որոշել է իր ներկայացուցիչներին ակտիվորեն առաջադրել, այսպես ասած, «ռեյտինգայինով»: Ամենայն հավանականությամբ, դա հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կամ մտահղացումն է:

Ըստ այդմ, ՔՊ-ական նախարարների մեծ մասը այդ կարգով, կամ ինչպես առավել «զարգացածներն» են ասում՝ «ռեյԾինգայինով», առաջադրվելու է պատգամավորի թեկնածու: Երեկ այդ առաջադրումային անցուդարձին միացան արդեն տարածքային կառավարման պաշտոնյաները, ի դեմս Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզպետների:
Փաստորեն «ռեյտինգայինով» թեկնածուներ առաջադրելու հարցում ընդգրկուն ակտիվություն է դրսեւորում հենց այն ուժը, որը տվյալ ընտրակարգի կիրառման երդվյալ, չենք վախենա ասել՝ գաղափարական հակառակորդն էր: Է՜հ, պարոնայք եւ տիկնայք, եթե այդքան վատ ու անընդունելի բան էր ձեզ համար այդ «ռեյտինգայինը», ապա ի՞նչն էր ձեզ խանգարում դրսեւորել քաղաքական մոտեցում ու կամք եւ գործո՛վ, քաղաքական վարքո՛վ ցույց տալ դա:
Պարզ ասած, ընդհանրապես չոգտվել ռեյտինգային կարգով կամ որ նույնն է՝ տարածքային ցուցակներով թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից: Այսինքն՝ այդ կերպ հանրությանը, ժողովրդին ասելով՝ տեսեք, չնայած Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ու միառժամանակ հիշյալ կարգը մնաց, բայց այդ ռեյտինգայինն այնքան վատն է, որ իսկի չենք էլ ուզում օգտվել դրանից: Ի վերջո, դուք էլ հո անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունե՞ք:

Հրաշագեղ մյուս հանգամանքն էլ այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը այսպիսի պատրաստականություն եւ ակտիվություն է դրսեւորում ռեյտինգայինով առաջադրվելու հարցում, ապա միգուցե այնքա՞ն էլ տարօրինակ չէ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովում «անցկացնելու» համար ընդամենը 1 ձայն չբավականացրեց:

Դա «հեղափոխական օրերին» էր, որ Նիկոլ Փաշինյանը երկու ոտքը մեկ մաշիկում դրած ասում էր, թե՝ չէ որ չէ՛, չենք համաձայնի հին կամ եղած Ընտրական օրենսգրքով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Հետո նա փորձեց վարչապետական ֆրակը, հագով էր, թե հագով չէր՝ այլ հարց է, բայց ակնհայտորեն դուրն եկավ, եւ հիմա արդեն կարեւոր չէ, կամ ո՞վ է հիշում, չէ՞, թե ինչ կամ ինչեր են ասվել ինչ-որ մի 5-6 ամիս առաջ:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930