Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսում եմ լինել նաեւ հայերի ձայնը Վաշինգտոնում»՝ նորընտիր կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 08,2018 10:03

«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ։

«Ամերիկայի Ձայն». Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը:

Էնթոնի Բրինդիսի. «Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգտոնը բեւեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ, ով միշտ փորձել է միավորել մարդկանց՝ հանուն լուրջ խնդիրների կարգավորման: Եվ այս շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ առողջապահություն, աշխատատեղեր, տնտեսություն: Ես ցանկանում եմ աշխատել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք անհանգստացնում են այս շրջանի աշխատավոր մարդկանց»:

«Ամերիկայի Ձայն». Արդյո՞ք քաղաքական պայքարը բարդ է ընթանում: Երբեմն այն հատկապես բարդ է թեկնածուի ընտանիքի համար:

Էնթոնի Բրինդիսի. «Կարծում եմ, երբեմն մարդկանց հետ են մղում թեկնածությունն առաջադրելուց հետո ծագող հնարավոր դժվարությունները: Թեկնածուի կյանքը մանրազնին քննության է ենթարկվում: Այս վախը նաեւ զերծ է պահում բազմաթիվ կարող մարդկանց իրենց թեկնածությունն առաջադրելուց, իսկ իմ պատկերացմամբ, եթե մենք ցանկանում ենք երբեւէ բարելավել այս երկիրը, ապա մեզ անհրաժեշտ է, որ արժանի մարդիկ առաջադրվեն ընտրություններին:

Հավանաբար, ընտրական պայքարի առավել բարդ հանգամանքը ընտանիքից հեռու գտնվելն է: Ես ունեմ 11-ամյա որդի եւ 8-ամյա դուստր, եւ ես ու կինս որոշում կայացրեցինք երեխաներին մասնակից դարձնել այս գործընթացին, տանել մեզ հետ միջոցառումների: Նրանց դուր է գալիս քարոզարշավը, իսկ ես հնարավորություն ունեմ նրանց հետ ժամանակ անցկացնել»:

«Ամերիկայի Ձայն». Ձեր հայկական արմատների վերաբերյալ: Կարո՞ղ եք պատմել այդ մասին: Որքան տեղյակ եմ, մայրական կողմից եք հայ:

Էնթոնի Բրինդիսի. «Իմ տատիկը… եւ նրա ընտանիքը Եդեսիայից էին եւ Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:

Հայկական արմատները իմ անցյալի շատ կարեւոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետեւ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, եւ այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, եւ այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների»:

«Ամերիկայի Ձայն». Հայ համայնքը ձեզ աջակցություն ցուցաբերել է: Արդյոք նախատեսո՞ւմ եք աշխատել Ամերիկայի հայերի հետ:

Էնթոնի Բրինդիսի. «Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարեւոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ եւ լինել հայերի ձայնը Վաշինգտոնում»։

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930