Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալու ենք ճշմարիտ պատկերը

Նոյեմբեր 08,2018 10:00

Առաջիկա ընտրությունները դրական երեւույթ են այնքանով, որ ադեկվատ ձեւով արտացոլելու են հասարակական տրամադրությունները, եւ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա ասել, որ իրական պատկերը խեղաթյուրված է: Հետագայում նման հնարավորություն գուցեեւ չընձեռվի:

Հայաստանում, համենայնդեպս, իրադարձություններն այնպես էին դասավորվում, որ միայն առաջին հետհեղափոխական ընտրություններն էին արդար: Ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում (1990-1995) արդար հաղթած ՀՀՇ-ն զգաց «իշխանության համնուհոտը», հարբեց դրանից եւ «վճռական» էր՝ այն այլեւս երբեք չզիջել:

Դրանում է մեր եւ Վրաստանի տարբերությունը: Հարեւան երկրում Սաակաշվիլին 2003 թվականին «վարդերի հեղափոխություն» իրականացրեց, սակայն 2012 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը պարտվեց «Վրացական երազանքին», Սաակաշվիլին այդ պարտությունն ընդունեց ու հեռացավ իշխանությունից: Հիմա, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվի «Վրացական երազանքը», ապա հնարավոր կլինի վստահաբար ասել, որ «վարդերի հեղափոխությունը» հաղթել է, իշխանության վերարտադրությունն այլեւս հնարավոր չէ, իսկ Վրաստանը վերջնականապես դուրս է եկել «հետխորհրդային» շրջափուլից: Դրանում, իմ կարծիքով, հսկայական է Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ավանդը՝ անկախ այդ գործչի բոլոր թերություններից եւ անկախ նրանից, թե ինչ են հիմա վրացիները նրա մասին մտածում եւ խոսում:

Հայաստանում հետխորհրդային շրջափուլն առայժմ անցած չէ՝ չնայած շանս կա, որ ապրիլ-մայիսյան հեղափոխությունը ստեղծել է դրա հնարավորությունները: Իսկական «նոր իրողություններ» մենք կկարողանանք արձանագրել այն պարագայում, երբ որեւէ հաջորդ ընտրություններում «Իմ քայլը» պարտվի, իսկ այնուհետեւ պարտվի «Իմ քայլին» հաղթողը, այսինքն՝ իշխանությունը գոնե երկու անգամ փոխվի ընտրությունների, ոչ թե հեղաշրջումների կամ հեղափոխությունների միջոցով:

Հուսանք՝ դա դեռ առջեւում է, իսկ դեկտեմբերին, կրկնեմ, մենք կիմանանք, թե ինչպես են այս պահին տրամադրված Հայաստանի քաղաքացիները:

«Իմ քայլի» բարձր տոկոսը կնշանակի, որ հայաստանցիները երախտապարտ են Փաշինյանին, որ նա կարողացել է ազատել իրենց նախորդ իշխանությունից, որի նկատմամբ այս պահին հասարակության մեծ մասն ատելությամբ է լցված:

ԲՀԿ-ի որոշ տոկոսը կնշանակի, որ մարդիկ չեն մոռացել նախորդ տարիների Գագիկ Ծառուկյանի բարեգործությունները: ՀՀԿ-ին ձայն տվողներն այն մարդիկ են լինելու, որոնք դեռեւս հույս ունեն, որ նախորդ համակարգը հնարավոր է վերադարձնել:

Եթե ձայներ ստանա «Սասնա ծռեր» կուսակցությունը, դա կնշանակի, որ մենք ունենք քաղաքացիներ, որոնք ողջունում են բռնությունը, վառելը, պայթեցնելը եւ «գյուլլելը»: Եվ այլն:

Քաղաքացիների ցանկացած դիրքորոշում հարգանքի է արժանի: Կարեւորն այն է, որ մենք կունենանք հասարակության ճշմարիտ պատկերը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
    (խիղճը նրան շշնջում էր՝ անիծի՜ր), -էս մի տարբերակն էլ կա: Բա սրա հետ ինչ անենք:

  2. Լավատես says:

    Քանի որ ընտրությունները փակ են եւ ես քաղաքական կուսակցություններից քիչ բան եմ հասկանում, ինձ միանգամայն կբավարեր, եթե հայտնի, իմ կողմից հարգված մարդիկ բացահայտ գովազդեին իրենց ընտրությունը ու ես էլ կմիանայի նրանց ընտրությանը եւ երբ մեր ընդհանուր ընտրությունը սխալ դուրս գար՝ կիմանայի բացի ինձնից էլ ո՞ւմ հայհոյեմ:

  3. Հ.Շ. says:

    «հասարակության ճշմարիտ պատկերը», տուեալ ամսուն համար միայն
     քանզի յաջորդ ամիսը արդէն կարող է որ այդ պատկերը ժամանակավրէպ դառնայ

    այո, անշուշտ, բազմաթիւ այլ երկիրներու պարագային նոյնպէս է, ամբոխի կարծիքը բնականաբար փոփոխակի է. սակայն նորմալ երկիրներում այդ աստիճան volatile չէ հասարակութիւնը, եւ տրամադրութիւններու փոփոխութիւնը չի նշանակեր մի պահից միւսը իյնալ մէկ ծայրայեղութենէն՝ միւսը

    պարզ է թէ հին վարչակարգը այլեւս չի վերադառնար, այդ հանկերգը միայն անոր քաղաքական հակառակորդներու ընտրարշաւին աժան մարտավարութիւնն է, սովորական աչքի փոշի որոշ ժողովուրդի մը համար. ՀՀԿ-ի քուէ տուողները կը հանդիսանան այն մտահոգ քաղաքացիները որոնք փորձառու եւ ատակ անձեր կ’ուզեն տեսնել պետական պաշտօնների վրայ, եւ չեն ուզեր որ այդպիսի անձերու ծառայութիւնը պարապի երթայ, մսխուի, յանուն ամէն պարագայի անիմաստ դարձած հին ատելութեան, եւ ի վնաս միմիայն երկրին – այդ տեսակի անձերը, իրենք, իրենց անձնական յաջողութեան ճանապարհը ապահովաբար կը գտնեն, այլուր –

    ի տարբերութիւն նախորդ իշխանափոխութիւններուն, ներքին ճակատի վրայ, նոր վարչակարգի հիմնական խնդիրները պիտի գան ինքն իր մէջէն, կազմուին իր ծոցին մէջ. մեյ մըն ալ՝ այդ ծայրամասային կեղծ դաշնակիցները, որոնք նոր վարչակարգը կը համարեն միայն առիթ, պատեհութիւն, միջոց, հասնելու համար իրենց «ճշմարիտ» Յեղափոխութեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930