«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը, որը 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը նրան փոխանցել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը։
«Մինչ այս պատասխանը, ես ենթադրում էի, որ կարող է ցուցակում չհայտնվեմ, այս պատասխանն ինձ համար անակնկալ չէր։ Սպասում էի նույնիսկ, թե ինչ պատճառաբանությամբ պիտի մերժեն, կամ վերջինիս բացակայությամբ: Այս ամենին ես պատրաստ էի։ Գիտեք , ընդհանրապես, այն մարդը, որը զբաղվում է կուսակցական գործունեությամբ պիտի իր կուսակից ընկերների հետ պատասխանի պարզ հարցի, արդյո՞ք կուսակցական գործունեությամբ զբաղվողն իրավունք ունի զբաղվելու նաև քաղաքական գործունեությամբ, թե՞ կուսակցական գործունեությունը պետք է սահմանափակվի առավոտից երեկո լիդերների խոսքը կրկնելով: Եթե անկեղծորեն տալիս ենք այս հարցի պատասխանը, ապա ամեն ինչ ավելի պարզ ու հստակ է դառնում:
Գոնե ինձ համար կուսակցական գործունեությունն ու հրապարակային, քաղաքական գործունեությունը մշտապես եղել են հոմանիշ հասկացողություններ: Բացի դրանից, ես կարծել եմ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը պետք է մշտապես կապի մեջ լինի քաղաքացիների հետ: Սա քաղաքական գործունեության անքակտելի մասն է ու օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ, այո՛, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում ես չեմ լինի: Պատճառաբանությունն ինչքան էլ սպասված էր՝ նպատակահարմարության բացակայություն, այնքան էլ տարօրինակ: Այնուամենայնիվ կարծում եմ , որ ավելի անկեղծ կլիներ հստակ պատճառներ նշել: Իրական պատճառներ տեսնո՞ւմ են, ռեպուտացիոն ռիսկեր, որ ներգրավված եմ եղել տարբեր սկանդալների, կոռուպցիոն դրսևորումների մեջ կամ կա աշխատանքային անվստահության խնդիր..սրա մասին պետք է պարզ ասեն: Մի խնդիր, այնուամենայնիվ, ես տեսնում եմ ՝ այն է աշխատանքային անվստահությունը․ դժվար թե իրենք վստահ լինեն, որ միշտ սեղմելու եմ այն գույնի կոճակը, որ իրենք են ցանկանում»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իր ինքնառաջադրումը ինքնանպատակ չէր, այլ մեծ թվով մարդկանց ցանկությամբ էր պայմանավորված։
«Լավ իմանալով, թե ինչի կարող է հանգեցնել իմ ինքնառաջադրումը, լավ իմանալով, թե իրենք ինչ կարող են ինձ պատասխանել, այնուամենայնիվ, կարծել եմ, որ սիրո ու հանդուրժողականության ֆոնին իշխանության եկած մարդիկ իրենց լոզունգներին հավատարիմ կլինեն»։
Մեր հարցին՝ տարաձայնություններ եղե՞լ են ձեր և ձեր թիմակիցների միջև, մեր զրուցակիցն ասաց․ «Իմ տարաձայնությունները եղել են «Ելք»-ի հետ: Տարաձայնությունները եղել են հրապարակային, դրանք վերաբերել են նրան, որ «Ելքի» պատգամավորները, 2017 թվականի Ազգային ժողովի խայտառակ ընտրություններից հետո իրար հերթ չտալով, ընդունում էին իշխանությունների լեգիտիմությունը։ Հետո՝ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի շուրջ: Ես դա համարում էի ուղղակի պոպուլիզմ, իսկ եթե պոպուլիզմ չէ, թող հիմա դուրս գան, տեսնենք ինչպես են դուրս գալիս։ Եվ երրորդ տարաձայնությունը կապված է եղել այն խայտառակ կոնցերտին, որը Ախուրյանում կազմակերպեց «Ելք»-ի մաս կազմող կուսակցություններից մեկի ղեկավարը։
Ընտրատեղամասերում հանձնաժողովի տեղերը բառիս փոխաբերական իմաստով հանվել էր աճուրդի։ Այստեղ շատ կարևոր մի բան եմ ուզում նշել, ես չեմ ցանկացել ու ցանկանում հետ նայել, բայց վարչապետը իր գործողություններով մշտապես ինձ հիշեցնում է անցյալը, ուրեմն խնդիր չկա՝ կհիշենք: Նաև հարկ եմ համարում նշել, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսին, ես Գյումրիում «Ելք»-ով առաջադրվելուս հարցը քննարկել եմ Սասուն Միքայելյանի հետ, որը վարչության նախագահն էր: Զրույցին ներկա էր նաև Ալենը Սիմոնյան ու Սուրիկը Պապիկյան: Եվ ես իրենց պարզ ասել եմ, որ գործընկեր կուսակցությունների, նրանց որոշ անդամների հետ մեկ ցուցակում հայտնվելը կարող է հղի լինել հետագա խնդիրներով: Պարզ ասել եմ, որ ցուցակում հայտնվելու դեպքում շարունակելում եմ իմ բաց, հրապարակային, քաղաքական գործունեությունը ու եթե ՔՊ ծրագրերին կամ իմ հայացքներին հակասող քայլեր նկատեմ, բաց արտահայտվելու եմ : Եվ այս հարցի շուրջ մենք ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություն, որից հետո միայն կայացրել եմ առաջադրվելուս որոշումը: Ինչևէ, օրեր առաջ ինձ Պապիկյան Սուրիկը զանգեց ու տեղեկացրեց, որ վարչությունը առաջադրումս նպատակահարմար չի գտնում»:
Մեր հարցին՝ սա կարո՞ղ է պատճառ դառնալ ՔՊ-ից դուրս գալու, Արթուր Համբարձումյանն ասաց․ «Ես կանգնած եմ եղել այս կուսակցության ստեղծման ակունքներում ու չեմ զղջում դրա համար: Ես կուսակցության հիմնադիրներից մեկն եմ ։ Ես կարծում եմ , որ հենց վարչությունը պետք է պատասխանատվություն վերցնի ու կայացնի նման որոշում, կամ գոնե փորձի խնդրի վերաբերյալ լուծում առաջարկել: Այնուամենայնիվ, իմ հարցը քննարկելիս, նրանք պարտավոր են ինձ հրավիրեն ու ստիպված են լինելու որոշակի հարցեր իմ կողմից լսել: Պետք է նաև ասեմ՝ որևէ ընկճվածություն չկա, սա քաղաքական պրոցես է, կա ուղղակի ներքին անդուր զգացողություն այս ամենի վերաբերյալ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ