Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդն այլեւս հուսահատվելու տեղ չունի

Նոյեմբեր 08,2018 13:00

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին

Խորհրդարանական ընտրությունների շեմին նորից կլսենք բազում ականջահաճո խոստումներ և դրական սպասումներով կհետևենք հետագա իրադարձություններին: Բոլորս էլ համոզված ենք, որ թավշյա հեղափոխությունը նաև հաղթանակած դուրս կգա ընտրապայքարից, և ազգովի պատրաստ ենք դրան աջակցելու: Ուստի, նորընտիր խորհրդարանի մեծամասնությունը պետք է հասկանա, որ ծանր բեռի տակ է ընկնում: Ժողովուրդն այս անգամ հերթական հուսահատությունն այլևս չի հանդուրժի. բոլորս փոխվել ենք, ակտիվացել և պատրաստ ենք աջակցելու սպասվող բարեփոխումներին:

Սակայն հետհեղափոխական այս ամիսներին արմատական բարեփոխումների ծիլերը դեռևս իրենց զգացնել չեն տալիս: Ընդամենը տեսնում ենք հասարակության մեջ նոր ուժերի դիրքավորում, որը ողջունելի է բոլորիս համար: Սակայն մյուս կողմից՝ անթույլատրելի եմ համարում «անցումային ժամանակահատվածի» պատրվակով արդարացվող բարեփոխումների ներկայիս անգործությունը, որը հատկապես վերաբերում է երկրի տնտեսությանը:
Գաղտնիք չէ, որ նոր իշխանությունները որևէ երկրում չեն կարող ունենալ հաջողություն և վաստակել ժողովրդի համակրանքը, եթե չարձանագրեն տնտեսական շարունակական ձեռքբերումներ, բնակչության եկամուտների աճ, սոցիալական լարվածության թուլացում: Խոհրդարանական ընտրություններից հետո, եթե տեսանելի ապագայում պահպանվի այդ լարվածությունը, ապա հեղափոխական էյֆորիան հասարակության մեջ կվերածվի խորը հուսահատության:

Նման ռիսկերի մեղմման առաջին երաշխիքը տնտեսության մեջ պետության միջամտության ուժեղացումն է: Նախորդ երեսուն տարիների մակրոտնտեսական կառավարման սխալները մեզ հուշում են, որ պետությունը տնտեսական զարգացման հարցում չպետք է հուսադրվի միայն շուկայական հարաբերություններով և պասիվ դիրքորոշումներով հանդես գա: Եթե Խորհրդային Միության տարիներին ցածր աշխատավարձ ստացող ազգաբնակչությունը գողանում էր գործարաններից ու սովխոզներից, ու միամտաբար կարծում էինք, որ շուկայական տնտեսության պայմաններում դա կվերանա, հիմա արդեն խոշոր եկամուտներ ունեցող ձեռներեցներն են գողանում հենց հասարակությունից, ոչ միայն ձևավորելով ստվերային տնտեսություն, այլև կուտակած կապիտալի փախուստ կազմակերպելով երկրից: Ուստի, կարևոր է պետության կանխարգելիչ դերը այս հարցում և առաջնահերթ եմ համարում տնտեսական բարեփոխումների առանցքային հետևյալ ուղղությունները:

Նախ, ինչը որ հնարավոր է արտադրել տեղում, չպետք է ներկրվի: Ժամանակն է, որ պետությունը միջոցներ ձեռնարկի ներկրումների սահմանափակման հաշվին փոխարինիչ ապրանքների արտադրություններ հիմնելու և նոր աշխատատեղեր բացելու հարցում: Դա իրագործվելու է աստիճանաբար, մեղմելով ներկրումների դեֆիցիտային ռիսկերը: Կարծում եմ, որ հայաստանյան շուկան առաջին հերթին պետք է աշխատի և ոչ թե արտասահմանյան արտադրողների`այլ մեր օգտին:

Երկրորդ, չպետք է հերթական անգամ հուսադրվել արտասահմանյան ներդրումներով: Երեսուն տարի է՝ սպասում ենք, դրանք չեն գալիս օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Անհրաժեշտ է, որ ներդրումների աղբյուրը պետությունը փնտրի հենց երկրի ներսում՝ վարելով նպատակասլաց հարկաբյուջետային քաղաքականություն: Ժամանակն է, որ հասկանանք. այլևս անթույլատրելի է սոցիալական բյուջե ունենալը և պետք է կտրուկ անցում կատարվի տնտեսական աճ ապահովող հարկաբյուջետային քաղաքականության: Անհրաժեշտ է թողարկել պետական երկարաժամկետ պարտատոմսեր, գումար հավաքագրել երկրի ներսից և սփյուռքից, կառուցել արտադրական պետական կազմակերպություններ, զարգացնել տնտեսության իրական հատվածը, որը կբերի աշխատատեղերի ավելացման, ազգաբնակչության եկամուտների ավելացման, հավաքագրվող հարկերի աճի:

Կարծում եմ, որ տնտեսական հենց այս պարբերաշրջանն է ներկայումս կարևորվելու: Ուստի և հրատապ պետական ձեռնարկումներ են անհրաժեշտ այն իրագործելու համար: Իսկ եթե սոցիալական ընդվզումները և մակրո¬տնտեսական ցնցումները կանխարգելելու համար նորից պետական պարտք վերցնենք դրսից, որն արվել է մինչ այժմ, ուրեմն կշարունակենք ընկղմվել «կաղացող տնտեսության ճահճում», որն էլ սպասումներով լի հասարակական լայն շերտերում կառաջացնի խորը հուսախաբություն:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

07.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930