Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջուր չբերելու համար խմբով ծեծի էին ենթարկել համածառայակցին

Նոյեմբեր 08,2018 14:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մայիսի 22-ի դատավճռի դեմ բողոք էր բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Արման Օհանյանի պաշտպան Արմինե Ղասաբողլյանը (լուսանկարում):

Արման Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի, ինժեներասակրավորային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2017թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ի սահմանում, նույն զորամասի պահասենյակում, խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսնված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նույն զորամասի 2-րդ ջոկի հրաձիգ-զենիթահար, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արամյանի՝ջուր բերելու պահանջը չկատարելու համար վերջինիս հետ խմբով ծեծի է ենթարկել նույն զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող , շարքային Արա Համբարձումյանին՝Կ. Արամյանի կողմից վերջինիս գլխին զինվորական գոտիով մոտ 30 անգամ հարվածներ հասցնելուց անմիջապես հետո 3-4 անգամ ապտակել է Ա. Համբարձումյանին, արդյունքում նրա և Կ. Արամյանի գործողությունների հետևանքով Ա. Համբարձումյանին պատճառվել է ֆիզիկական ցավ:

Ա.Ղասաբողլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Առաջին ատյանի դատարանը մեկ տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել Արմանին, իսկ վերաքննիչ դատարանը պայմանական է կիրառել, սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ի դեպ, մինչ վերաքննիչ դատարանը բողոքը կքններ, Ա.Օհանյանը զորացրվել էր ՀՀ բանակից և ամուսնացել, եւ ըստ էության, այս հանգամանքները մյուսների հետ համադրելու արդյունքում է պաշտպանի բողոքը բավարարվել:

Փաստաբանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ստորադաս դատարանը թույլ էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների խախտումներ.

«Մասնավորապես, ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել ամբաստանյալի կողմից կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը։ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև ամբաստանյալի անձը բնութագրող, ինչպես նաեւ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը»:

Առաջին ատյանի դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտել էր այն, որ ամբաստանյալը նախկինում արարտավորված չի եղել, ծառայությունն իրականացնում է սահմանամերձ զորամասում, ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար: Ըստ պաշտպանի, մարզի դատարանն անտեսել էր, որ ամբաստանյալը երկրորդ կուրսի ուսանող է, մինչև ՀՀ զինված ուժեր զորակոչվելը ընդունվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա բաժին:

ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Կիրակոսյանի և նույն զորամասի կապիտան Ս. Եղոյանի կողմից տրված ծառայողական բնութագրի համաձայն, Ա. Օհանյանը ծառայության անցնելով որպես վարորդի, բարեխիղճ և կարգապահ ծառայող է եղել, իր վրա դրված պարտականությունները կատարել է ճիշտ ժամանակին, վայելել է հրամանատարների և ընկերների հարգանքը:

Նա պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, կարողացել է պահպանել զինվորական գաղտնիքը: Պաշտպանական կողմը դատարան էր ներկայացրել նաեւ Իջևանի վարժարանի տնօրեն Հ. Ամիրյանի և դասղեկ Ա. Հակոբյանի կողմից տրված բնութագիրը: Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Հ. Զուրաբյանի կողմից տրված բնութագրի՝ համաձայն Ա.Օհանյանը 2-րդ կիսամյակից զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Ուսումնառության ընթացքում Արմանն իրեն դրսևորել է բացառապես դրական կողմերով, պարտաճանաչ կերպով հաճախել է դասերին,վայելել պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության հարգանքը:

Ա.Ղասաբողլյանը նշել էր. «Ստորադաս դատարանը չի գնահատել նաև այն, որ ամբաստանյալի հայրը՝ Զոհրաբ Օհանյանը 1995թ. դեկտեմբերին ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք է բերել հաշմանդամություն և հանդիսանում է 2-րդ կարգի հաշմանդամ: Վերջինը միայնակ չի հասցնում հոգալ ընտանիքի հոգսերը, և դրանք կկրկնապատկվեն, եթե ամբաստանյալը պատիժը կրի ազատազրկման վայրում, մինչդեռ ցուցաբերելով մարդասիրական վերաբերմունք դատարանը կարող է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, այդ կերպ հնարավորություն տալով ամբաստանյալին շարունակել ուսումը, դառնալով հանրությանը պիտանի անձ և հորն օգնել հոգալու ընտանիքի ծախսերը»:

Նշենք, որ պաշտպանը հղում էր կատարել պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու կարևորության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին.«Վճռաբեկ դատարանը փաստել է հանցավորի ընտանեկան դրությունը, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատժի ազդեցությունը, նրա խնամքին այլ անձանց առկայությունը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղն ու դիրքը, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագիրը և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները գնահատման ենթարկելու անհրաժեշտությունը (Հ.Հարությունյանի գործով 2007թ.մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ն.Սարգսյանի գործով 2011թ.դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Ս.Սարգսյանի գործով 2012 թ.նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Ս.Աղախանյանի գործով 2013 թ.սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջ.Շիրվանյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14)»։
Ս.Համբարձումյանի նախագահությամբ ավարտված գործով հաշվի առնվեց նաեւ այն, որ Արմանը ցանկացել է զորացրվելուց հետո շարունակել ուսումը, հոգալ ընտանիքի կարիքները:

Այս գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ ժամկետային զինծառայող Կարեն Արամյանին: Ըստ մեղադրանքը պաշտպանած Է.Շահումյանի, նա « 2017թ սեպտեմբերի 24-ին ժամը 15:00-ի սահմաններում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, շարքային Արման Օհանյանի հետ խմբով ծեծի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող Արա Համբարձումյանին՝ հայհոյանք տալով զինվորական գոտիով մոտ 30 անգամ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, պատճառելով ֆիզիկական ցավ»:

Կարենը նույնպես դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման: Նրա պաշտպան Ա.Ապրեսյանի բողոքը մերժվել է: Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Կ.Արամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը,մասնավորապես, խմբով կատարված հանցագործության մեջ նրա առանձնապես ակտիվ դերը, որը դրսևորվել է տուժողի գլխին զինվորական գոտիով մոտ 30 անգամ հարվածներ հասցնելով, հանգել էր այն հետևության. «ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, և նրա նկատմամբ իրեն վերագրվող հանցագործության համար նախատեսված նվազագույն պատժաչափ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ գործը քննվել էր արագացված ընթացակարգով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Քարանձավից դուրս եկած գազանին է հատուկ այդքան չարությունը։ Դրանք զինվոր չեն, չարագործներ են, վաղվա մարդասպաններն են ։ Նրանց պետք է երկարաժամկետ մեկուսացնել հասարակությունից և սկսել մարդկայնացնելու ծանր, բայց խիստ կարևոր աշխատանք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930