Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանյան «Չիպոլինոն» նշանավորվեց հատկապես հայ մանուկների մասնակցությամբ»

Նոյեմբեր 08,2018 13:30

Հավաստիացնում է մանկական բալետային ներկայացման լեգենդար խորեոգրաֆը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը երբեք հարուստ չի եղել մանկական բալետային ներկայացումներով: 1960-ականներին Ազատ Ղարիբյանի խորեոգրաֆիայով բեմադրվել է Հրաչյա Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը», 1970-ականներին՝ Սակիլարիի երաժշտությամբ Չայկովսկու «Չոփչոփիկը», 80-ականների սկզբներին Լյուդմիլա Սախարովայի բեմադրությամբ Չայկովսկու «Շչելկունչիկը», իսկ կեսերին Վիլեն Գալստյանը ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»:

Հենրիխ Մայորովը՝ արտիստների հետ:

Օրերս, շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո, վերջապես ականատեսը եղանք մանկական բալետային ներկայացման. կայացավ Կարեն Խաչատուրյանի հանրահայտ «Չիպոլինոյի» պրեմիերան՝ Հենրիխ Մայորովի խորեոգրաֆիայով: Լիբրետոյի համահեղինակներն են Հենրիխ Մայորովը եւ Գենադի Ռիխլովը, բեմադրող դիրիժորը՝ Կարեն Լավչյանը: Բեմադրության եւ զգեստների իսկապես գունեղությունն ու ճոխությունը ապահովել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վալերի Լեւենտալը, բալետմայստերի օգնականն է Մայորովի դուստրը՝ Աննան:

Պրեմիերայի նախորդ օրը՝ գլխավոր փորձին, ներկայացման առաջին հանդիսատեսը եղան ՍՕՍ մանկական գյուղի երեխաները: Պրեմիերային նույնպես հրավիրյալ երեխաներ կային. այս անգամ հայաստանյան մանկատներից եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունից: Նրանց համար օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն անակնկալ էր պատրաստել. երեխաները համտեսեցին «Չիպոլինո» տորթը: Թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ «Չիպոլինոն» իր մշտական տեղը կգտնի խաղացանկում եւ կներկայացվի ցերեկային ժամերին: Հատուկ շեշտեցին, որ բալետը կարող են դիտել նաեւ դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերին:


Կոնստանտին Օրբելյանը հանդիսատես աղջնակի հետ՝ «Չիպոլինո» տորթը կտրելիս:

Մինչ ներկայացումը սկսվելը նկատեցինք, որ դահլիճում երեք սերնդի հանդիսատես էր՝ տատիկ-պապիկներ, ծնողներ, երեխաներ: Այդպես էլ պետք է լիներ. Կարեն Խաչատուրյանի երաժշտությամբ եւ Բորիս Դյոժկինի ռեժիսուրայով Ջանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» պատմվածքի հիման վրա ստեղծված 38 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի պրեմիերան կայացել է հեռավոր 1961թ.: Սիրված մուլտֆիլմի երաժշտությունն այնքան տպավորիչ է ու հիշվող, որ այսօրվա հանդիսատեսը 2 գործողությամբ բալետային ներկայացման մեջ լսելով իրեն հայտնի երաժշտական հատվածները, ռիթմիկ ծափերով ուղեկցում էր, նույնիսկ ձայնակցում: Ողջ ներկայացման ընթացքում դահլիճում ուրախ, ավելին՝ տոնական մթնոլորտ էր, որը դժվար է թղթին հանձնել…

Հենրիխ Մայորովը իր այցեքարտը համարող «Չիպոլինոն» բեմադրել է շուրջ 20 թատրոնում, այդ թվում՝ Մեծ թատրոնում (1977թ.): Իսկ առաջինը իրականացրել է 1974թ., Կիեւի Շեւչենկոյի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: 1976-ին այս բեմադրության համար Մայորովը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կարեն Խաչատուրյանն այս բեմադրության մասին մի առիթով գրել է. «Հենրիխի բեմադրական աշխատանքի շնորհիվ անսպասելի նոր գեղարվեստական հնարավորություններ բացվեցին՝ համադրելով վիրտուոզ դասական պարը ժամանակակից պարարվեստի պլաստիկայի հետ: Հիանալի է նաեւ առատ կոմիկականի, սուր գրոտեսկի եւ հոգեցունց լիրիզմի համադրությունը»:

Հիշեցնենք, որ «Առավոտի» 2.10.2018թ. համարում ներկայացրել ենք ընդարձակ հարցազրույց խորեոգրաֆի հետ, որը հիացմունքի խոսքեր էր շռայլել մեր բալետային խմբի (ղեկավար՝ Արմեն Գրիգորյան, գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան) եւ մենապարողների հասցեին, հատկապես առանձնացնելով Չիպոլինոյի դերապարը պատրաստող Վահագն Մարգարյանին:

Պրեմիերայից հետո անվանի խորեոգրաֆը իր հիացմունքը հայտնեց վաստակավոր արտիստներ Մերի Հովհաննիսյանի, Սոնա Վարդանյանի, Սեւակ Ավետիսյանի, Գրիգոր Գրիգորյանի, Րաֆֆի Գալստյանի, ինչպես նաեւ ողջ խմբի հետ աշխատող փորձավարների մասին: Մայորովին բառի իսկական իմաստով ցնցել էր հանդիսատես երեխաների արձագանքը: «Ինձ համար նորություն կամ հայտնություն չէ, որ հայը մշակութասեր ազգ է: Մինչ օրս էլ ունեմ հիանալի հայ գործընկերներ եւ ընկերներ: Գիտեմ, որ ձեր թատրոնում մի քանի տասնամյակ է, ինչ խաղացանկում չկա մանկական բալետային ներկայացում եւ դա է պատճառը, որ չկարողացա մերժել ձեր թատրոնի գեղարվեստական ղեկավար ընկերոջս՝ Կոնստանտին Օրբելյանին, թեպետ քիչ ժամանակ էր տրված ներկայացման իրականացման համար: Դատավոր չեմ, հետեւաբար ցանկություն չունեմ որեւէ մեկին դատել, բայց այսօր եւ նախօրեին տեսնելով ձեր մանուկների հիացմունքը, նրանց արձագանքը, կարելի է ասել՝ մասնակցությունը ներկայացմանը, տխրություն ապրեցի… Նրանք արժանի են շփվել բարձր մշակույթի հետ: Բնականաբար, տեղեկացված եմ Հայաստանում կատարված փոփոխություններին, ինչը նաեւ ինձ է հուսադրում: Քաղաքական թոհուբոհի մեջ չպետք է անտեսել երեխաներին, նրանք շատ նուրբ եւ զգայուն էակներ են»,- հայտնեց մեր զրուցակիցն ու հավաստիացրեց, թե երեւանյան բեմադրությունը իր համար նշանավորվեց հատկապես հայ մանուկների «մասնակցությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. «Չիպոլինո» բալետը իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:

«Առավոտ»

07.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930