Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրամաբանությանը հակառակ

Նոյեմբեր 08,2018 12:30

Մայրենի լեզուն մաքրամաքուր պահպանելու, և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքի գերիմաստ նշանակության դերակատարության մասին բազմիցս են բարձրաձայնում, ընդ որում՝ ոչ միայն մասնագետները: Ավաղ, լեզվական մեղանչումները շարունակում են զգացնել տալ մեր կյանքի տարբեր ասպարեզներում՝ և՛ հեռուստաէկրաններից, և՛ բեմահարթակներից, և՛ ամբիոններից: Իսկ «առաջնությունը» անվարան պահպանում են անփառունակ սերիալների հերոսները: Այդ ֆիլմաշարերի սցենարների հաստատակամ հեղինակները, չնայած հնչող կոշտ դիտողություններին, մնում են անդրդվելի: Անչափ զարմանալի է, երբ աննկատ են մնում նույնիսկ պարզունակ նույնաբանությունն ու առերևույթ անգրագիտությունը, դե, ասենք այսպիսի՝ «վերջապես ե՞րբ ես վերջ տալու քո անվերջանալի խաղին», «ամեն ինչ պետք է անել այդ ամեն ինչից դուրս գալու համար», կամ «քո մոտ», «իմ համար» և նման այլ տխմարությունները:
Օրերս կարդացի Հայաստանի Լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջինյանի հոդվածը: Նա միանգամայն տեղին տագնապ է հնչեցնում այն առթիվ, որ երբեմն օտար անունները գրվում են հայերեն տառերով: Կարծում եմ, պակաս տարօրինակ չէ և այն, որ տարբեր կայքերում մեր հայրենակիցները միմյանց հետ են շփվում օգտվելով լոկ լատինական այբուբենից: Անակնկալներ, այո, շատ են պատահում, սակայն անհասկանալին այն է, երբ հաճախ խախտվում է պարզ տրամաբանությունը: Դպրոցական տարիներից եմ հիշում, որ գերմաներենում ei-ն արտասանվում է որպես ai, և սա, ի տարբերություն ռուսերենի, օրինականացվել է գրավոր հայերենում՝ ռայխստագ, գրոսմայստեր և այլն: Մինչդեռ այդ կանոնակարգին, չգիտես ինչու, հավատարիմ չենք մնում: Մասնավորապես, ի՞նչն է պատճառը, որ ծագումով գերմանացի աշխարհահռչակ ֆիզիկոսի ազգանունը գրվում է Էյնշտեյն և ոչ Այնշտեյն: Մեկ այլ բնորոշ օրինակ` նույն բառարմատով աշխարհագրական անունները ներկայացվում են տարբեր կերպ՝ Մեքսիկա և Մեխիկո և դա այն դեպքում, երբ մեքսիկացիները իրենց երկրի մայրաքաղաքը անվանում են Մեքսիկո:

Որպես սպորտին մոտ կանգնած մարդ, ինձ ուղղակի զարմացնում է այն, թե ինչու ենք մենք համառ կերպով կառչել զուտ ռուսական արմատ ունեցող «շախմատ» բառից: Բայց միայն օտար բառը «սեփականացնելու» փաստի մասին չէ խոսքը: Եթե պարզապես սկզբունքորեն մոտենանք հարցին, չենք կարող չարձանագրել, որ սա բացահայտ անգրագիտություն է: Ռուսներին կարելի է հասկանալ՝ նրանց այբուբենում չկա «Հ» տառը, բայց մենք ի՞նչ հիմք ընդունելով արդարանանք այս առումով: Պատկերացրեք մի խոսուն համեմատություն, եթե դպրոցականը որևէ շարադրությունում օգտագործի «շախմատ» բառը: Ուսուցիչը, գնահատական դնելիս, որևէ արտառոց բան, անշուշտ, չի նկատի: Բայց երբ մեկ այլ անգամ աշակերտը իներցիային համընթաց օգտագործի, օրինակ, «Նադիր Շախը…» արտահայտությունը, կասկածից վեր է, սա կընկալվի որպես արտակարգ կոպիտ սխալ: Միայն թե անհասկանալի է մի պարզ բան՝ որտե՞ղ է տրամաբանությունը:

Մնում է ասել, որ սփյուռքի մեր հայրենակիցներն այս առումով ոչ մի խնդիր չունեն՝ նրանց համար իմաստուն խաղի անունը հայերեն է հնչում՝ «ճատրակ»: Ի դեպ, մեր հարևան վրացիներն էլ օգտագործում են գրեթե նույն անվանումը՝ «Ճադրակի»:

Օգտվելով առիթից, չեմ կարող չասել ևս մեկ խղճուկ անվանման՝ «մարզադաշտի» մասին: Այդ առումով սովորաբար նկատի ունեն լոկ ֆուտբոլային ասպարեզները, որոնցով լեցուն են մեր գյուղերը: Բայց մի՞թե մարզադաշտ է «Հրազդանը», հանրապետական անվամբ մրցատեղին: Չէ՞ որ այստեղ մրցելու հնարավորություն ունեն և այլ մարզաձևերի ներկայացուցիչները: Հենց դա հաշվի առնելով են օգտագործում հունական ծագում ունեցող «ստադիոն» բառը: Ավելին ասեմ, մոսկովյան «Լուժնիկի» ստադիոնում, օրինակ, բացի մեր տեսած-լսած ֆուտբոլային դաշտից ու վազքուղիներից, տրիբունաների տակ գործում են ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի դահլիճներ, չզարմանաք, ստադիոնն իր մեջ ներառում է մարզական պատկառելի թանգարան, հյուրանոց, կինոթատրոն, երկու ռեստորան, բուժսպասարկման կենտրոն, խանութներ, փոստի բաժանմունք: Սա, կարելի է ասել, յուրահատուկ մարզական քաղաք է: Այնպես որ, ավելորդ է, ծիծաղելի է օգտագործել «մարզադաշտ» անվանումը: Իսկ իմ երիտասարդ գործընկերներին ես մեկ խորհուրդ կտայի` հաճախ չհնչեցնել «զիջել» բառը, երբ ֆուտբոլում գրանցվել է, ասենք, 1-4 հաշվով խայտառակ պարտություն: Հաղթանակի դեպքում օգտագործել տրամաբանական հաշիվները, դիցուք՝ 2-0, 3-1 և այլն: Իսկ պարտության դեպքում էլ ճիշտ հակառակը՝ 0-2, 1-3: Հասկանալի է, խոսքը պրիմիտիվ երևույթների մասին է, բայց դժվար է լռել, երբ նման փաստարկներ, ցավոք, գոյություն ունեն:

ՄԻՍԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

07.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930