Ալիեւի մոտ հանկարծակի արթնացե՞լ է կառուցողականությունը, թե՞ նա այլ ակնկալիքներ ունի Հայաստանի նոր իշխանություններից
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մինչեւ տարեվերջ եւս մեկ հանդիպում ունենալ՝ հայտարարեցին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք օրերս հայտնեցին, որ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին քննարկումն էր, ինչպես նաեւ Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հաջորդ քայլերի ուրվագծումը:
«Երեւանում եւ Բաքվում համանախագահների հետ իրենց հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ Դուշանբեում լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունից հետո բռնությունների մակարդակը նկատելիորեն նվազել է: Իրենց քննարկումների ընթացքում համանախագահները հավելյալ մանրամասներ են իմացել Դուշանբեի պայմանավորվածությունների, ներառյալ հաղորդակցության ուղիղ կապի հաստատման մասին: Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար եւ իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը՝ շարունակելու իրենց երկխոսությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Միջնորդների համար, իհարկե, կարեւոր է հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում վստահության մթնոլորտը պահպանելու մթնոլորտը: Հետաքրքրականն այն է, որ նրանք իրենց հայտարարության մեջ շեշտում են, թե Երեւանում եւ Բաքվում հավելյալ մանրամասներ են իմացել Դուշանբեի պայմանավորվածությունների մասին: Այսինքն՝ Փաշինյան-Ալիեւ կարճատեւ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թեեւ բանավոր են, բայց դրանք առայժմ պահպանվում են, ավելին՝ դրանց մասին միջնորդները տեղեկացել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից:
Առհասարակ ուշագրավ է հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Ալիեւը, որը նախկինում տարիներ շարունակ նույնիսկ միջնորդ պետությունների գրավոր կոչերը, հորդորներն ու պայմանավորվածությունները չէր հարգում, հիմա բանավոր պայմանավորվածություններ է սկսել հարգել: Ի՞նչ ծուղակ է սա Ադրբեջանի կողմից: Ալիեւի մեջ հանկարծակի արթնացե՞լ է կառուցողականությունը, թե՞ նա այլ ակնկալիքներ ունի Հայաստանի նոր իշխանություններից: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, թերեւս, ավելի հստակ կնշմարվեն Ալիեւի մարտավարության ուղղությունները:
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություն հազիվ թե ձեռք բերվի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն չէ՝ օրերս նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել, ենթադրում էր, որ շփումները պետք է շարունակել, որ ԱԳ նախարարները կհանդիպեն, եւ որ, իհարկե, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք այդպիսի պայմանավորվածությունը ողջունում ենք»,- ասել է Լավրովը՝ հավելելով. «Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները՝ բավականին բուռն, որքանով մենք նկատում ենք, ավարտված չեն, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու եւ Լեռնային Ղարաբաղի լիարժեք կարգավորումն ապահովելու կոնկրետ տարբերակներ»:
Մոսկվան ակնհայտորեն ընդգծում է, որ կարգավորման գործընթացը «ճգնաժամում» է գտնվում, մի փաստ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները չեն արձանագրել: Այսինքն՝ «ճգնաժամը» հարթելու ուղղությամբ Մոսկվայի հույսերը հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, ըստ ամենայնի՝ խորհրդարանական ընտրությունների ավարտն է, որից հետո պաշտոնական Երեւանից, ամենայն հավանականությամբ, քայլեր են ակնկալվելու:
Լավրովն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի՝ կարգավորման բանակցությունների մասնակցության թեմային: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ստեփանակերտի ներգրավման համար անհրաժեշտ է Երեւանի ու Բաքվի համաձայնությունը, որը դեռեւս չկա: Նրա խոսքով՝ ներկայիս երկկողմ ձեւաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: «Որքան մենք գիտենք, նման համաձայնություն չկա»,- ասել է Լավրովը: Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին մասնակցել են բանակցություններին: Այնուհետեւ նշել է, որ հայկական ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, եւ բանակցություններն արդեն երկար տարիներ անմիջականորեն իրականացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ Երեւանը իր բանակցային դիրքորոշման մեջ հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»,- ասել է Լավրովը:
Լավրովն ակնարկում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկնարկից ձեւավորված ավանդույթը, երբ նա հայտարարեց, որ ներկայացնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, լինելով ղարաբաղցի՝ բանակցություններում ներկայացնելու է միաժամանակ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂՀ-ն, եւ այդպիսով Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն օրերս հայտնել է, թե ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում։ Նա նաեւ նշել է, որ իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին «քիչ թե շատ կայունացել է»:
Իր հերթին ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ը սատարում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո՝ հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը:
Նկատենք, որ Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո բացված հնարավորություններին է սպասում նաեւ Վաշինգտոնը: Օրեր առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում հստակ նշեց, որ դեկտեմբերի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը շատ հարմար է նաեւ Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հարցում որոշակի առաջընթացի համար. «Փաստ է, որ եթե կանխատեսումները իրականանան, Փաշինյանը ուժեղ մանդատ կունենա, եւ դա ամենալավ ժամանակն է շատ ոլորտներում վճռական քայլերի: Հաշվի առնելով, թե ինչ տպավորություն ստացա այսօր իմ հանդիպումներից, այդ թվում եւ վերլուծաբանների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առաջնահերթ հարց է Հայաստանի քաղաքական օրակարգում, եւ վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածը դեկտեմբերի ընտրություններից անմիջապես հետո է։ Եթե հեշտ լուծում լիներ, այն, հավանաբար, արդեն վաղուց գտնված կլիներ: Ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու փոփոխություն ամերիկյան քաղաքականության մեջ կամ նոր լուծումներ առաջարկելու: Ի վերջո, կողմերը պետք է իրար հետ լուծումներ գտնեն: Հայաստանի տեսակետից արտաքին ճնշումները երկրի նկատմամբ նվազեցնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն է»:
Իհարկե, պաշտոնական Երեւանը Փաշինյանի մակարդակով բազմիցս շեշտել է, որ չի կարող լինել այնպիսի լուծում, որն ընդունելի չլինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար։ Նշանակում է, որ պաշտոնական Երեւանն արդեն իսկ բարձրացրել է հայկական կողմի պայմանների նշաձողը, ինչը իր հերթին ենթադրում է, որ պաշտոնական Երեւանն էլ չի բացառում մոտ ապագայում հենց հայկական կողմին ուղղված կոչեր կհնչեն՝ «զիջումների գնալու անհրաժեշտության» վերաբերյալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
07.11.2018