Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը նախկինում եղել է ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ Երեւանի քաղաքային վարչության պետ, մեզ հետ զրույցում խոսելով ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇ-ական Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին՝ ասաց, որ չի հետաքրքրվել ու տեղյակ չէ՝ Վանո Սիրադեղյանն ուզո՞ւմ է վերադառնալ կամ կարո՞ղ է վերադառնալ, թե՞ ոչ: Դիտարկմանը, որ ԱԺ-ում 2 անգամ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, 2 անգամ էլ չպատասխանեց, Ցոլակյանը հորդորեց. «Թող մի անգամ էլ հարցնեն, 3-րդ, 4-րդ անգամ»: Հարցին՝ բայց Դուք ուզո՞ւմ եք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, թե՞ Ձեզ համար մեկ է ըստ էության, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Թող վերադառնա, ի՞նչ է եղել, ի՞նչը կպակասի, մեծ մարդ է, էլի, տարիքով մարդ է, թող գա»:
Նա ասաց, որ Վանո Սիրադեղյանի հետ առանձնապես չի շփվել,.երբ ինքը ՆԳ եւ ԱԱՆ Երեւանի քաղաքային վարչության պետ է եղել, Վանո Սիրադեղյանն այդ ժամանակ Երեւանի քաղաքապետ էր:
«Առավոտ»
07.11.2018