Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահ չեմ, որ Վանո Սիրադեղյանը ցանկություն ունի վերադառնալու»

Նոյեմբեր 08,2018 15:00

Ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը

«Ես վստահ չեմ, որ Վանո Սիրադեղյանը ցանկություն ունի վերադառնալու, սկսենք դրանից: Վստահ չեմ, դա իմ անձնական կարծիքն է, որովհետեւ որեւիցե ազդակներ, որեւիցե գործողություն իր փաստաբանների, իր բարեկամների կողմից ես չեմ նկատում եւ չեմ նկատել»,- «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին լուրերին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին պարբերաբար խոսվում է Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, բայց այդպես էլ վերջինս վերադառնալու համար առերեւույթ որեւէ քայլ չի ձեռնարկում: Իսկ օրերս էլ դարձյալ սկսեցին լուրեր շրջանառել, որ Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ երկրում իշխանություն ձեւավորվի եւ նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերի:

Ալեն Սիմոնյանն ասաց. «Եկեք անկեղծ լինենք՝ արդյո՞ք պարոն Սիրադեղյանը ցանկություն ունի վերադառնալու, կամ արդյո՞ք դա հնարավոր է իրավական առումով: Դրանով որեւիցե մեկը չի զբաղվել: Կարծում եմ` դրա մասին խոսելը դեռ վաղ է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը 2 անգամ ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին, ու երկու անգամ էլ Նիկոլ Փաշինյանը շրջանցեց հարցը, որեւէ պատասխան չտվեց: Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց, որ Փաշինյանը շրջանցել է հարցը. «Չի շրջանցվել, ուղղակի նման հարց չի քննարկվել: Կարծում եմ` այդ հարցը բարձրացնելիս մենք պետք է ունենանք ոչ թե Վանո Սիրադեղյանի ընկեր Արարատ Զուրաբյանի կարծիքը, ցանկությունը, այլ կոնկրետ գործողություններ: Ես չեմ ուզում որեւիցե մի բանում մեղադրել Վանո Սիրադեղյանին կամ արդարացնել, բայց այդ գործընթացը պետք է սկսվի ինչ-որ ձեւով, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ լուծումներ ենք տալիս»:

Մեզ հետ զրույցում Արարատ Զուրաբյանը շատ ռեալ համարեց ընտրություններից հետո Վանո Սիրադեղյանի վերադարձը, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իր հարցն անպատասխան թողնելը բացատրեց այսպես. «Կարծում եմ` սա մի քիչ բարդ ժամանակահատված է, ցանկացած պարագայում կարելի է հասկանալ, որ զբաղվածությունը բոլորի շատ է՝ կապված ընտրությունների, դրա կազմակերպման հարցերի հետ, այսպես ասած` կենտրոնանալու հնարավորություն չի եղել աս հարցի վրա: Կարծում եմ` ընտրություններից հետո այս հարցն իր տրամաբանական լուծումը կստանա, որովհետեւ Վանո Սիրադեղյանը քաղաքական հետապնդման արդյունքում է, որ Հայաստանում չէ, եւ արդարությունը պետք է հաղթանակի: Այս հարցը որոշակի ժամանակ է պահանջում, պետք է ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները, նոր գալ լուծման: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգիռ է, որ Հայաստանում արդարությունը վերականգնվի, ու դրա էլեմենտներից մեկն է նաեւ այս խնդրի կարգավորումը օրենքի սահմաններում»:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի խոսքերին, որ Վանո Սիրադեղյանը կարծես ցանկություն չունի վերադառնալու, Արարատ Զուրաբյանն ասաց. «Դա Վանո Սիրադեղյանի խնդիրն է, բայց պետք է հասկանալ մի բան՝ արդարությունն այստեղ պետք է վերականգնել: Անկախ նրանից, թե ինչ կցանկանա Վանո Սիրադեղյանը, միեւնույն է` եթե Հայաստանում եղել է քաղաքական հետապնդում, որի արդյունքում քաղաքական գործիչը հայտնվել է Հայաստանից դուրս, կարծում եմ` այսօր, երբ մեր երկիրը փորձում ենք տանել այն ուղղությամբ, որ օրենքը, իրավունքը, արդարությունը հաղթանակի, դա այդ խճանկարի մեջ մի էլեմենտ է, որ պարտադիր պետք է լինի»:

Հարցին՝ իրավական դաշտը թույլ տալի՞ս է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Քաղաքական կամքի պարագայում իրավական բոլոր խնդիրները լուծում ունեն: Այստեղ Վանո Սիրադեղյանի հետ կապված քրեական գործն ամբողջությամբ շինծու է, եւ որեւէ հիմք չկա նրան քրեական հետապնդման ենթարկելու, եւ ես համոզված եմ, որ առաջին իսկ պահից, երբ այս գործը վերաբացվի, դա ակնհայտ կդառնա բոլորին»:

Թե ի՞նչ կտա Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստանին, ըստ Արարատ Զուրաբյանի` նախ, ցանկացած հայ մարդու վերադարձը հայրենիք ցանկալի է ու ողջունելի է. «Իսկ եթե հայ մարդն այնպիսին է, որ ամագ ունի պետության կայացման գործում, կարծում եմ` նրա վերադարձը դրական ու բարենպաստ դեր կունենա»: Զուրաբյանն ասաց, որ ընտրություններից հետո այդ հարցը մշտապես փորձելու է իշխանությունների ուշադրության կենտրոնում պահել. «Դա բոլորիս պարտականությունն է, բոլոր այն մարդկանց, ովքեր ճանապարհ են անցել ու գիտեն, թե ինչ է կատարվել այս երկրում, ինչպես են քրեական գործեր թխվել, ու ինչպես են քաղաքական հակառակորդներին ասպարեզից հեռացրել: Այստեղ արդարության վերականգնման լրջագույն խնդիր է դրված»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ նախ պետք է Վանո Սիրադեղյանի կարգավիճակը հստակեցնել, որ նա կարողանա վերադառնալ Հայաստան. «Նրան պետք է քաղաքական հալածյալի կարգավիճակ տրվի: Եթե այդ կարգավիճակը կարողանում են հիմնավորել, արդեն նոր պայմաններում հնարավոր կլինի նրա վերադարձը կազմակերպել, իարկե, եթե իրավական խնդիրներ չկան, որին ես չեմ տիրապետում»: Ըստ Բագրատյանի՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում, որ Վանո Սիրադեղյանի, Շանթ Հարությունյանի հարցով անձնավորված որոշումներ լինեն. «Եվրոպական նախադեպային վճիռները հատուկ նշում են, որ չի կարելի որեւէ խմբի համար ունենալ թիրախային մոտեցում: Անհատապես որոշումներ ընդունել չի կարող, վարչապետի մոտեցումն այդպիսին չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

07.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930