Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող-ոստիկաններից մեկը չի առարկում, որպեսզի սարիթաղցիները համաներվեն

Նոյեմբեր 07,2018 23:00

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրանց պաշտպան, փաստաբան Լիպարի Սիմոնյանը միջնորդեց նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ համաներման ակտը նաեւ սարիթաղցիների գործի վրա է տարածվում: Հիշեցնենք՝ նշյալ անձինք մեղադրվում են 2016թ.-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ. օրեր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

«Համաներմանը խոչընդոտող հանգամանք առկա չէ: Գործով տուժող-ոստիկաններն այս ընթացքում անգամ բողոք չեն ներկայացրել մեղադրյալների դեմ»,-նկատեց Լիպարիտ Սիմոնյանը: Մեղադրող-դատախազ Էդգար Պետրոսյանը միջնորդության դեմ չառարկեց, միայն շեշտեց. «Կարծում եմ՝ տուժող-ոստիկանները նորից պետք է գան եւ հայտարարեն, որ չեն առարկում, որովհետեւ նրանք միայն դատաքննության ընթացքում է, որ բողոք չեն ներկայացնել: Այլ է, երբ համաներման ակտ է կիրառվում: Նրանց դիրքորոշումը պետք է հարցնել, համաներման ակտն է դա պահանջում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի կարծիքը, նիստը հետաձգեց մի քանի օրով, որպեսզի տուժողները ներկայանան դատարան եւ կարծիք հայտնեն սարիթաղցիների հանդեպ համաներում կիրառելու մասին: Միաժամանակ, դատավորը հայտնեց, որ նրանցից մեկից արդեն իսկ դատարան է ստացվել գրություն առ այն, որ նա չի առարկում: Հավելենք, որ գործով տուժող-ոստիկաններն են Աբել Վարդանյանը, Դավիթ Սահակյանը, Հովսեփ Հովսեփյանը, Արմեն Գալստյանը, Արազի Թիրիբյանը, Արմեն Մուսաելյանը և Իշխան Ավագյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930