Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է երեք տարբերակ. Ուշակով

Նոյեմբեր 07,2018 22:25

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոյեմբերի 8-ի Աստանայի գագաթաժողովում կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը այդ պաշտոնից ազատված՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ այդ պաշտոնում քննարկվում է երեք թեկնածու:

«Գագաթաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով, (…) կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին բավականին կարևոր հարցը»,-ասել է Ուշակովը: Նրա խոսքերով, հարցը կքննարկվի փակ ռեժիմով: «Դիտարկվում են երեք հնարավոր տարբերակներ. կամ մինչև 2020թ. գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարում գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի (Ռուսաստանի ներկայացուցիչ) կողմից, այդ պաշտոնում Բելոռուսի ներկայացուցչի ընտրություն, քանի որ Բելոռուսն այբբենական կարգով հաջորդում է Հայաստանին: Երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը, մինչև Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն է 2020թ. մայիսը: Ինչպիսի որոշում կընդունեն առաջնորդները՝ դեռ դժվար է կանխատեսել»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ուշակովը հիշեցրել է, որ 2017թ. մայիսից գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը: 2018թ. հուլիսին Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից նրան մեղադրանք է առաջադրվել: Հայկական կողմը օգոստոսի 1-ին նախաձեռնել է Խաչատուրովի հետկանչումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հոկտեմբերի 30-ին ուժի մեջ է մտել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը: Նոյեմբերի 1-ից գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովը:

Ուշակովն ընդգծել է, որ «նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը բավականին զգայուն է, գործընթացը կանցկացվի փակ ռեժիմով»:

Աստանայի գագաթաժողովում նախատեսվում է ստորագրել մոտավորապես 20 փաստաթուղթ, այդ թվում՝ վերջնական քաղաքական հայտարարությունը, ավելացրել է Ուշակովը:

Նախատեսվում է նաև ընդունել առաջնորդների հայտարարությունը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից զինված հակամարտությունների մասնակիցների նկատմամբ կոորդինացված միջոցների մասին: «Այդ փաստաթուղթն ուղղված է ահաբեկչական գաղափարախոսության քարոզչության և ծայրահեղական կազմակերպությունների շարքերում հավաքագրման կանխարգելման ուղղությամբ հակազդման միջոցների մշակմանը»,- պարզաբանել է Ուշակովը: Գագաթաժողովում կքննարկվի նաև ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպման մասին փաստաթղթերի փաթեթ: Ուշակովը նշել է, որ «այդպիսով կհաստատվի շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ընդգրկուն համագործակցության նկատմամբ ՀԱՊԿ մտադրությունը և պատրաստակամությունը:

Նստաշրջանի խնդիրները

Խոսելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սպասվող նստաշրջանի մասին՝ Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից բացի՝ միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահները: Հայաստանը կներկայացնի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է կարծիքներ փոխանակել տարածքային անվտանգության առանցքային հարցերի, ինչպես նաև արդիական միջազգային թեմաների շուրջ: «Ինչպես ակնկալվում է, մանրամասն կքննարկվի հակաահաբեկչության խնդիրը, Սիրիայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, մյուս ճգնաժամային կետերը նույնպես կքննարկվեն»,- ասել է Ուշակովը: Նախագահի օգնականի խոսքով՝ նախատեսվում է գագաթաժողովի նիստի անցկացում նեղ և ընդլայնված ձևաչափերով: Ընդ որում, նեղ ձևաչափով փակ ռեժիմով կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ, կազմակերպության անդամ-պետությունների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը:

Այնուհետև տեղի կունենա լիագումար նիստ ընդլայնված կազմով, որը կանցկացվի բաց ռեժիմով: Դրա օրակարգում ներառված է երկու հարց. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը՝ կապված նախորդ նստաշրջանի որոշումների իրականացման հետ, և Ղրղըզստանի նախագահի զեկույցը ՀԱՊԿ նախագահության շրջանակում այդ երկրի գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին: Ուշակովը հիշեցրել է, որ Ղազախստանից հետո ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Ղրղըզստանին:

Գագաթնաժողովի ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930