Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը անթույլատրելի և դատապարտելի է համարում վերջին շրջանում Հայաստանում հնչող խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական հետապնդումների ենթարկելու փաստերը։ Սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը:
Ատելություն, նախապաշարմունքներ և խտրականություն տարածողների գործողությունները սպառնում են հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Ծայրահեղական և այլամերժ, անօրինական դրսևորումներին իրավական, քաղաքական համարժեք գնահատականների բացակայությունը կհանգեցնի անպատժելիության խորացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունում պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` որպես ՀՀ քաղաքացիների ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման միակ երաշխիք։ Բոլոր մարդիկ բռնությունից, հալածանքից, խտրականությունից և խարանից զերծ մնալու հավասար իրավունքներ ունեն: Մարդու իրավունքների միջազգային դրույթը պետությունների առջև պարտավորություն է սահմանում, որպեսզի ցանկացած մարդ, առանց բացառության, կարողանա օգտվել այս իրավունքներից:
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ