Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր ձեռնարկել համագործակցության նոր ոլորտներ և ուղիներ բացահայտելու ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում կուտակված փորձը կայուն հիմք է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար՝ որպես նոր ուղղություն ընդգծելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:
Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը:
Կողմերը քննարկեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ գագաթաժողովի աշխատանքներին և ընդունվելիք փաստաթղթերին վերաբերող մի շարք հարցեր:
Ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
ՀՀ ԱԳՆ