Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Շամլուղեցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, Լոռու մարզպետին. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 07,2018 18:35

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Ձեզ ենք դիմում՝ Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկի՝ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքի՝ 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներս: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել և փրկության ձայն ենք բարձրացնում:

Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան 10-րդ շենքը տասնամյակներ շարունակ Շամլուղի դեմքն է եղել, կենտրոնական հրապարակում է գտնվում՝ այգու հարևանությամբ, խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքն իր բարձր առաստաղներով, հարմարավետ կահավորված լայնարձակ մուտքերով և մեծ սենյակներով: Երկու տասնամյակից ավելի մեր շենքի տանիքը երբևէ վերանորոգման չի ենթարկվել, ինչի արդյունքում շենքը այսօր հայտնվել է փլուզման եզրին, իսկ մեր՝ բնակիչներիս կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Եռահարկ և երկու մուտքերից բաղկացած բազմաբնակարան շենքում բնակիչների կյանքն ուղղակի վտանգի տակ է՝ ամեն օր, յուրաքանչյուր անձրևից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի…»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ (նկարները՝ կցված են), որոնք իրական սպառնալիք են ներքևի հարկում բնակվող բնակիչների կյանքին և անվտանգությանը:

Շենքի սեփականատերերը, որոնց մի մասը արտերկրում են գտնվում, իրենց սեփականաշնորհված բնակարանները օգտագործում են տարվա տաք եղանակներին՝ վերադառնում են Հայաստանի այլ քաղաքներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից՝ մի քանի ամսով իրենց հանգիստն անցկացնելու, սակայն շենքը ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, օրեցօր ավելի ու ավելի խարխուլ է դառնում, և բնակիչները չգիտեն ինչպես վարվել՝ եթե իրենց բնակարանները ներսից վերանորոգեն՝ միևնույն է, տանիքում անցքեր կան, անձրևն ու ձյունը ներս են անցնում, այսինքն՝ շենքը վտանգի տակ է գլոբալ առումով:

Տարիներ շարունակ Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին և նրա աշխատակազմին մենք՝ շարունակաբար հորդորել, խնդրել, պահանջել ենք՝ զբաղվել շենքով, սակայն նրանցից միաբերան միայն մեկ նախադասություն ենք լսել՝ «ձեր շենքը վթարայինի տակ ա»: Նույնիսկ մի քանի բնակիչներ ցանկացել են իրենց միջոցներով վերանորոգել իրենց պատշգամբը, կամ տանիքի մի հատված, սակայն նախկին քաղաքապետն ու նրա աշխատակիցները կրկին ասել են՝ «ինչի՞ եք ի զուր փող ծախսում, մեկ ա վթարային շենք ա»:

Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքը «վթարային է», ինչո՞ւ բնակիչները պաշտոնապես տեղեկացված չեն դրա մասին՝ գրավոր: Եթե «վթարայինի» կարգավիճակ կա, ուրեմն ի՞նչ՝ մենք պետք է նստե՞նք, ամեն օր շնորհակալ լինենք Աստծուց, որ մեր շենքն այսօր էլ չփլուզվե՞ց: Իսկ ո՞րն է պատկան մարմինների անելիքը… Եթե «վթարային շենք» է, ուրեմն՝ կամ բնակիչներին հանե՛ք շենքից, այլ բնակարաններով ապահովեք, կա՛մ վերանորոգեք փլուզվող շենքը:

Մենք չգիտենք, թե որն է եղել մեր շենքի նկատմամբ ընդգծված և հետևողական արհամարհանքի պատճառը նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի կողմից վերջին 15 տարիների ընթացքում, բայց այլևս չենք լռելու՝ դանակը ոսկորին է հասել: Մենք ոգևորված ենք, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն արդեն մեկ տարի բավական ակտիվ աշխատում է, որոշ դրական քայլեր են իրականացվել Շամլուղում: Հույս ունենք, որ նա կտարբերվի նախորդից, մեր բարձրացրած փրկության այս ձայնը տեղ կհասնի և նա հետևողական կլինի Շամլուղի երբեմնի ամենաներկայացուցչական շենքը փրկելու և մեր՝ բնակիչներիս անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքը անհապաղ վերանորոգման կարիք ունի, խնդրում ենք, հորդորում ենք իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով, սակայն մինչ այդ շուտափույթ ամրացման կարիք ունի տանիքը, որը չենք կարծում, թե մեծ գումարների խնդիրն է: Առաջնային կերպով խնդրում ենք ամրացնել տանիքը, որպեսզի քամիներից խախտված ու վնասված տանիքի պատճառով այս ձմռանը շենքը չփլուզվի:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝

Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան

7 նոյեմբերի, 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930