Նոյեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալվել էին քաղաքագետ, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը, «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը։
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդարանական ընտրությունները անցկացնել, քանի որ հասկացավ, որ էֆորիայի մթնոլորտը մարում է։
«Իրական հաջողություններ այս ամիսների ընթացքում կառավարությունը չի կարողացել արձանագրել, հետևաբար շտապեց ընտրությունները անցկացնելու այս տարի, որպեսզի իր համար ավելի ցանկալի արդյունքների հասնի»։
Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին քաղաքագետն ասաց, որ եթե այն շատ պետք լիներ Նիկոլ Փաշինյանին, ապա կփոխվեր։
«Փաշինյանը կարողացավ կոնսոլիդացնել իր համախոհների բանակը և որպես գործադիր իշխանության ղեկավար ստիպեց օրենսդիր իշխանությանը, որ այն նոր վարչապետի թեկնածու չառաջադրի և ինքնալուծարվի։ Այս նույն ձևով նա կարող էր մոբիլիզացնել իր ուժերը և ստիպեր, որ ԸՕ-ն էլ փոխվի։ Սակայն դա չարեց, քանի որ իր համար այն մեծ կարևորություն չուներ, կարևորը ընտրությունները արագ անցկացնելն էր»։
Ըստ Հարությունյանի այս ամենի արդյունքում Փաշինյանը վատություն արեց գրեթե բոլոր քաղաքական ուժերին, բացի իր կուսակցությունից, որովհետև որևէ քաղաքական ուժ պատրաստ չէր ընտրությունների, առավել ևս նոր ստեղծված կուսակցությունները։
Նրա խոսքով այս պրոցեսը բոլոր քաղաքական ուժերին լարել է Փաշինյանի դեմ և հիմա բոլոր կուսակցության ղեկավարներն ու քաղաքական գործիչները ներքին լարվածություն ունեն նրա դեմ։
«Հիմա բոլորը ասում են, որ նա «զոռբա» է, և մտածում է միայն իր իշխանության և կուսակցության մասին․ այս իմաստով ինքը պետք է պատրաստ լինի, որ եթե նույնիսկ 137% ձայն հավաքի ու միանձնյա ամբողջ իշխանությունն ու ընդդիմությունը փակի միևնույն է առաջիկայում ամբողջ քաղաքական դաշտը իր դեմ է լինելու, քանի որ ինքը փաստացի շանս չտվեց այս մարդկանց պատրաստվելու ընտրություններին և նաև շանս չտվեց, որ հասարակությունը պատրաստվի։
Մենուա Հարությունյանն ասաց, որ եթե ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը սևերի ու սպիտակների բաժանի քաղաքական դաշտը, ապա դրանից տուժելու են բոլորը, բացի ՔՊ-ից և ՀՀկ-ից, քանի որ բոլոր նրանք ովքեր իրենց համարում են սպիտակ և դեմ են նախկին իշխանություններին ընտրելու են Փաշինյանին, այսինք չեն ընտրելու ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ «Լույսին, իսկ նրանք, ովքեր դեմ են Փաշինյանին ընտրելու են ՀՀԿ-ին։
Մենուա Հարությունյանը նշեց նաև, որ Հայաստանում այս պահին միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է և դա գիտակցում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրագետ են քաղաքական իմաստով։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվայզյանը հակադարձեց Մենուա Հարությունյանին և ասաց, որ ստեղծված իրավիճակը լրիվ այլ է, քան Մենուա Հարությունյանի ներկայացրածն էր։
«Հենց ձեր ղեկավարը ասել է, որ դուք սխալ եք, իսկ ովքեր իշխանության են եկել արդեն ճիշտ են։ «Ազատ դեմոկրատները» պատրաստ է ընտրություններին և այս ընտրությունների տրամաբանությունը, որքան էլ փորձեն տեղավորել սև ու սպիտակների մեջ, մենք չենք պատրաստվում այդ տրամաբանությամբ շարժվել, քանի որ մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, որոնք ունեն իրական արժեքներ, գաղափարահեն մոտեցումներ և կարծում եմ, որ այդ ամենով հանդերձ մենք կարողանալու ենք հաղթանակել»։
Այվազյանն ասաց, որ հաղթանակել ասելով ոչ թե նկատի ունի առաջին տեղ գրավել, այլ մուտք գործել կառավարություն և ներկայացնել այն մարդկանց ձայնը, ովքեր հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության շահերը այսօրվա դրությամբ պետք է պաշտպանված լինեն արտաքին և ներքին քաղաքականության առումով։
«Մենք համոզված ենք և միշտ համոզված ենք եղել, որ ՀՀ շահերը արտաքին հարաբերություններում պետք է դիվերսիֆիկացնել և չպետք է ընկրկել որևէ այլ գերտերության, որպեսզի ստիպված չլինենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Այս առումով, ի պատիվ ներկայիս իշխանությունների, բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է և ասվել է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել մեր վերջին շարժումով և այդ անկախությունը պաշտպանելու»,-ասաց Այվազյանը։
Իսկ Հարությունյանն իր հերթին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմություն քննադատել է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը, բայց գալով իշխանության շարունակում է ՀՀԿ-ի նույն քաղաքականությունը։
«Փաշինյանը ասում էր՝ պետք է ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց գալով իշխանության ասում է, որ պետք է ավելի խորացնել այդ հարաբերությունները։ Այս քայլով Նիկոլ Փաշինյանը ապացուցում է, որ ինքը անսկզբունքային մարդ է և այն քաղաքականությունը, որը իրականացնում էին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ճիշտ էր և որ որպես ընդդիմություն ինքը կեղծ քննադատում էր»։
«Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանն իր հերթին ասաց, որ իրականում քաղաքական դաշտում կա բազմագույն իրավիճակ և խորհրդարանական ընտրությունները չեն լինելու այն սև ու սպիտակի մեջ, որը եղան Երևան քաղաքապետի ընտրությունների ժամանակ
Ըստ նրա՝ սա որոշ քաղաքական ուժերի համար նաև փորձառություն էր, որ չմտնեն այդ սև ու սպիտակի դաշտ, իսկ որոշների համար էլ իրենց ապագա խորհրդարանական ընտրությունները այլ կերպ դասավորելու, այլ դիրքավորում ունենալու հնարավորություն։
Առաքելյանն ասաց, որ համոզված է՝ գաղափարական կամ ծրագրային պայքար չի լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և դրանք լինելու են հեղափոխության տրամաբանության մեջ։
«Քաղաքական դաշտը սպասում էր, որ ընտրությունները տեղի կունենային ապրիլ, մայիս, հունիս ամիսներին և բոլորի մոտ տրամադրվածությունը, պատրաստվածությունը դեպի եկող տարի էր, բայց հիմա ստեղծված իրավիճակը պահանջում է, որ լինեն խորհրդարանական»։
«Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք էլ դաշինքով են պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ թե դաշինքում ինչ ուժեր կլինեն կհայտարարեն մեկ-երկու օրվա ընթացքում։
Ամբողջական բանավեճը՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան