Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ցանցացատկի աշխարհի առաջնությանը:
Այդ առիթով Aravot.am-ը զրուցեց մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, մարմնամարզիկ, Գինեսի գրքի ռեկորդների հեղինակ Դավիթ Ֆահրադյանի հետ:
-Քչերը գիտեն, որ Հայաստանում ցանցացատկ մարզաձեւը ոչ միայն գործում է, այլեւ արդեն պատրաստվում է մեր երկիրը ներկայացնել աշխարհի առաջնությունում:
-Ցանցացատկի ֆեդերացիան Հայաստանում գրանցվել է 2011 թվականին: Երկու տարի մենք գույքային խնդիրներն էինք լուծում եւ մարզվողներ հավաքագրում: Իսկ առաջին մրցումը կազմակերպել ենք 2013 թվականին: Դեռ այս տարվա սկզբին արդեն նախատեսել էինք առաջին անգամ մասնակցել Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ցանցացատկի աշխարհի տարիքային խմբերի առաջնությանը եւ դրա համար ամբողջ տարվա ընթացքում նախապատրաստական լայնածավալ աշխատանք ենք կատարել: Օլիմպիական գրանցում ունեցող այս մարզաձեւին առայժմ մասնակցելու ենք մեկ մարզիկով՝ Վալերի Ժամկոչյանը: 11-ամյա ցատկորդը հանդես կգա մինչեւ 12 տարեկանների խմբում եւ կպայքարի մեծ եւ փոքր ցանցացատկերում: Սա նրա եւ մեր համար այս մակարդակի առաջնությունում նաեւ փորձի կուտակման լավ հնարավորություն է, քանի որ Վալերին դեռ մեկ տարի կարող էր մասնակցել այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը, իսկ մենք մեր հետագա աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ շատ բան կսովորենք:
-Ցանցացատկը Հայաստանում երիտասարդ մարզաձեւ է: Վալերիի մարզական մակարդակը կբավարարի՞ բարձր տեղերի համար պայքարել, թե՞ այս դեպքում կարեւորը զուտ մասնակցությունն է:
-Վալերին մարզվում է արդեն վեց տարի: Նա տարվա մեջ մի քանի անգամ բավականին հաջող հանդես է գալիս ՌԴ-ում անցկացվող մրցաշարերում եւ հեռանկար խոստացող պատանի է: Իհարկե, մեկնում ենք պայքարելու եւ հնարավորին չափ բարձր տեղ զբաղեցնելու նպատակով: Մեր մարզաձեւը գնահատման իր նրբություններն ունի: Այստեղ ցատկերի բարդությունից պակաս կարեւոր չէ, թեեւ համեմատաբար պարզ, բայց վարժության տարրերի կատարման մաքրությունը: Մենք երկու ուղղությամբ էլ աշխատում ենք ու կարծես ստացվում է:
-Սպորտում որակը մեծապես պայմանավորված է նաեւ մարզագույքի առկայությամբ եւ մասսայականությունով: Ցանցացատկով զբաղվողներ շա՞տ կան:
-Կանոնավոր մարզվում է շուրջ 180 երեխա: Ամռանը թիվն ավելանում է: Ինձ մտահոգում է, որ աղջիկներն են քիչ: Որակյալ մարզագույքի խնդիրը հիմնականում լուծել ենք: Ավելին, անգամ պահեստավորած գույք ունենք: Ես դրանք ձեռք եմ բերում իմ կապերով ու միջոցներով, դրսում բնակվող իմ արտասահմանցի ու հայ ընկերների օգնությամբ եւ աջակցությամբ: Արդեն բավականին ժամանակ կազմակերպական աշխատանքներ եմ իրականացնում ցանցացատկը դեպի մարզեր տանելու ուղղությամբ, որպեսզի տարբեր վայրերում էլ թիմեր լինեն ու Հայաստանի առաջնությունում մայրաքաղաքի հետ մրցակցություն լինի: Մասնավորապես, նախնական պայմանավորվածություններ կան Կապանում եւ Սիսիանում մարզադպրոց հիմնելու, խմբեր ստեղծելու նպատակով: Գույքի խնդիր, ինչպես ասացի, չկա: Մնում է կազմակերպչական ու գործնական կողմը:
Մենք մեր հնարավորությունների շրջանում անում ենք առավելագույնը, սակայն ցանկալի է, որպեսզի պետական թեկուզ փոքր աջակցություն էլ լինի: Մենք ամեն տարի միջազգային ֆեդերացիաներին անդամավճարներ ենք մուծում, մրցումներ կան, որոնց մասնակցելու համար պետք է գումար վճարել եւ այլն: Սրանք մեծ գումարներ չեն, բայց պարտադիր ծախսեր են, ու այդ գումարները պետք է հայթայթել: Մի տեսակ անհարմար է, երբ ամեն անգամ դիմում ենք մեր ընկերներին, աջակիցներին ու հովանավորներին, որոնք այսօր կան, բայց վաղը կարող են չլինել:
Մեր ֆեդերացիան արդեն սկսել է արդյունքներ արձանագրել, ինչը լուրջ աշխատանքի արգասիք է: Եթե պետությունից մի փոքր ուշադրություն եւ աջակցություն լինի, մենք կանենք ամեն բան մարզական արդյունքների տեսքով կրկնակին վերադարձնելու համար, որպեսզի պետությունն էլ տեսնի ու համոզվի, որ իր առանց այդ էլ սուղ միջոցներից հատկացրածը չի կորչում ու ծախսվում է խիստ նպատակային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ