Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր. հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին. «Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով մարզերում առկա կրթության խնդիրներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է նոր աշխատելաոճ: «Հունվարից սկսած ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունը իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել: Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել և արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հատուկ անդրադարձել է նախարարության նախաձեռնությամբ իրականցվող մշակութային կրթության ծրագրերին: Դրանք են մշակութային 3 հաստատություն` թատրոն, համերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային համակարգը` նախատեսված ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ աշակերտների համար, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի շրջանակում շուրջ 50 արվեստագետներ կայցելեն դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը և նախօրեին մեկնարկած Սիմֆոնիկ նվագախմբի համերգներին այցելելու ծրագիրը:
Բոլոր ծրագրերի և հատկապես աբոնեմոնտային համակարգի իրագործման համար շատ կարևոր է դպրոցների կազմակերպվածությունը: Հաշվի առնելով, որ աշակերտները նախընտրում են մշակութային հաստատություն այցելել դասարանով` ելնելով նաև դպրոցական ծրագրի ընթացիկ նյութերից, պետք է նախապես հերթագրվել և ամրագրել աբոնոմենտային այցելությունը` կուտակումներից խուսափելու համար: Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև հանրակրթության ոլորտի բովանդակային փոփոխումների ընթացքը: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այժմ կրթական չափորոշիչների փոփոխություն է նախատեսվում, զուգահեռաբար փոփոխություններ են կատարվում մի շարք իրավական ակտերում: Փոփոխություն է նախատեսվում տնօրենների ընտրության, ուսուցչի մրցույթի, կառավարման խորհուրդների ձևավորման և առաջին դասարան ընդունելության կարգերում: Որպես նորույթ ներմուծում է առաջին դասարանցիների գրանցման և ընդունելության էլելտրոնային համակարգ` ելնելով լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից. «Այս բոլոր նախագծերը դեռ քննարկման փուլում են և կարևոր է նաև, որ Դուք ևս առաջարկներ ներկայացնեք»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին նշել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է հանրակրթական դպրոցների հավաստագրման վերջին քննություններին, որոնց շուրջ հնարային աղմուկ է բարձրացել. « Փորձը ցույց է տալիս, որ շատերը, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, չեն ուզում ընդունել փոփոխությունները, երբ դա վերաբերում է անձամբ իրենց կամ իրենց մերձավորին: Հավաստագրման քննությունների առնչությամբ ես որևէ մտահոգություն չունեմ, որովհետև բոլոր դժգոհողներին ասվել է` ներկայացնել փաստեր: Մենք արձանագրել ենք որոշ խնդիրներ` կապված վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության հետ: Բայց ես կարծում եմ, հավաստագրման քննությունների հանձնաժողովն աշխատել է արդյունավետ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում վարչության պետեր նախարարի պաշտոնակատարին մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթներին, գյուղական համայնքներում նախակրթարանների հիմնադրմանը, մշակութային ծրագրերի կազմակերպչական հարցերին, ուսուցչի նվազագույն դրույքաչափի հաստատմանը, դպրոցների ֆինանսավորմանը և այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն