Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի՝ պետությունը նման է մեքենայի, որը գողացել են և տանում են դեպի անդունդը

Նոյեմբեր 07,2018 17:07

«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով, իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին և գործող կառավարությանը օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում․ խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու են սահմանային շրջանների յուրահատուկ պրոբլեմների շուրջ օրենսդրական նախաձեռնությունները»,-այս մասին նոյեմբերի 7-ին «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Վարուժան Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքով, անհրաժեշտ է քաղաքական հեղափոխությունը տեղափոխել տնտեսական հեղափոխության դաշտ, և իր առաջադրման նպատակը անցումն է տնտեսական հեղափոխության։

«Նիկոլ Փաշինյանը մաքրեց քաղաքական դաշտը, շատ լավ, շնորհակալություն իրեն, բայց արդեն պետք է սկսել մտածել  տնտեսության մասին։ Ես մարզային տնտեսական գործիչ եմ և շատ լավ հասկանում եմ՝ ինչ պետք է անել․ իշխանությանն օդ ու ջրի պես պետք  են մեզ նման քաղաքական ուժերը»,-ասաց Բաբաջանյանը։

Խոսելով ռեյտինգային ընտրակարգի մասին, Բաբաջանյանն ասաց, որ իր համար լավ է, որ այդ կերպ են ընթանալու ընտրությունները։

«Ռեյտինգայինի շնորհիվ նոր և երիտասարդ գործիչները, որոնք ներկայացնում են իշխող կուսակցությունը, հնարավորություն կունենան իմանալու՝ ինչ հեղինակություն ունեն և ինչքանով են վաստակել ժողովրդի համակրանքը»։

Բաբաջանյանն ասաց, որ ինքը երկու անգամ մասնակցել է ընտրություններին և ստացել բազմահազար ձայներ։

«Նախորդ երկու անգամները չարաբաստիկ բանաձևի պատճառով, ցավոք սրտի,  չեմ անցել խորհրդարան, բայց այժմ կրկին փորձելու եմ լինել խորհրդարանում, քանի որ  մենք՝ տեղական գործիչներս, հասարակությանը պարտք ունենք վերադարձնելու»։

Նա կարևորեց, որ ընտրությունները դառնան ոչ թե մեկ քաղաքական ուժի մենիշխանություն, այլ որոշակի հակադիր բևեռներ ձևավորվեն։

«Պետք է գիտակցել, որ միայնակ վերցնելով ամբողջ իշխանությունը, սխալների դեպքում պատասխանատվությունը միայնակ ես կրելու, իսկ երբ  հասարակությունը ընտրություն է կատարում այլ քաղաքական  ուժերի միջև,  այդ դեպքում պատասխանատվությունը կիսվում է մի քանի մասի։ Եթե հանրությունը գտնում է, որ մեկ խաղացողով հնարավոր է պետություն ունենալ և ապահովել պետության շարունակականությունը, ապա ես ոչինչ չունեմ ասելու»։

Բաբաջանյանն ասաց, որ  իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ  պետությունը այնպիսի մեքենա է, որը գողացել են և տանում են դեպի անդունդը։ Իր խոսքով այս տպավորության պատճառը անիմաստ նշանակումների  ու հապշտապ ընտրությունների որոշման մեջ է։

«Թողեք հասարակությունը կողմնորոշվի, մարդիկ հասկանան՝ ուր են տանում տնտեսական իրողությունները, թողեք շոկից դուրս գան։ Իհարկե  շատ ուրախ ենք, որ երկրում իրավիճակ է փոխվել, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, բայց այդ ժպիտը սառելու է, երբ քաղաքացին հացի խնդրի առաջ կանգնի»։

Լրագրողների այն հարցին՝ ինքը իրեն սև է համարում թե՞ սպիտակ, Բաբաջանյանը պատասխանեց․

«Ամեն եկող քաղաքական գործիչ իրավունք չունի քաղաքական դաշտը բաժանել սևերի, սպիտակների, բազմագույնների կամ ծիածանի գույների․ ով է տալիս որևէ մեկին գունավորելու  բարոյական իրավունք, այն պատճառով, որ տվյալ անձը կամ կուսակցությունը ունի հակադիր կարծիք։ Այդ հակադիր կարծիք ունեցող մարդիկ վարչապետին ավելի շատ են օգնում, քան մանկական տարիքից բարձր պաշտոններ զբաղեցրած, լուրջ դեմքով «ֆռֆռացող» տղաները»։

Բաբաջանյանի համոզմամբ, սխալ է գալ իշխանության և  պատերազմ հայտարարել բոլորին, հատկապես տնտեսվարողներին ու  քաղաքական գործիչներին։

«Ձեր ասած սևերը գտնվում են տնտեսվարող դաշտում, դրանք խոշոր սեփականատերերն են, որոնք ապահովում են  հազարավոր աշխատատեղեր, և այդ մարդկանց պետք է գուրգուրել»։

Բաբաջանյանը նաև ասաց, որ չի կարելի ըստ ճաշակի աշխատելաոճով առաջ շարժվել և նման քաղաքականությամբ կտրել երկրի «պորտալարը»։

«Հիմա ստուգումներ են իրականացվում միայն այն բժշկական կենտրոնում, որի տերը քաղաքական գործչի խնամի է․ երաշխավորում եմ, որ բոլոր բժշկական կենտրոններում էլ նույն վիճակն է, և պետք է բոլոր տեղերում էլ ստուգումներ իրականացնել, ոչ թե կենտրոնանալ միայն քաղաքական գործիչների սեփականությունները բացահայտելու վրա»։

Հանդիպման ավարտին Բաբաջանյանը նշեց, որ ինքն ու Փաշինյանը լավ հարաբերություններ ունեն, և նման խոսքեր ասելու միակ պատճառն այն է, որ ինքն ուզում է՝ Փաշինյանը լավ վարչապետ լինի և ունենա հաջողված պետություն։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարը՝ Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930