Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրանց պաշտպանի եւ մեղադրանքը պաշտպանող-դատախազի համար անսպասելի գրություն էր ստացվել: Հեղինակը Ճանապարհային ոստիկանությունն էր, որի ներկայացուցիչը՝ ՃՈ փոխգնդապետ Եփրեմ Ստեփանյանը, ներկայացել էր դատարան:
Հիշեցնենք՝ նշյալ անձինք մեղադրվում են 2016թ.-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ. օրեր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:
Հատկանշական է, որ այսօր դատարան ներկայացած ՃՈ պաշտոնյան դատավորին ասաց, որ անգամ չգիտի իր գալու նպատակը: Մեղադրող-դատախազ Էդգար Պետրոսյանն ընթերցեց նրա հետ ուղարկված ՃՈ գրությունը, որով ՃՈ պետը լիազորել էր Եփրեմ Ստեփանյանին՝ ներկայացնելու ՃՈ շահերը դատարանում:
Գրության մեջ նշված էր, որ ՃՈ-ն գործով որպես տուժող պետք է ներգրավվի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալներն իրեն գույքային վնաս են պատճառել՝ վնասելով ծառայողական մեքենաները (ըստ նախկինում ցուցմունք տված ոստիկանների՝ մեքենաները վնասվել են սարիթաղցիների նետած քարերից):
Դատախազ Էդգար Պետրոսյանը նախ զարմացավ՝ նկատելով, որ ոստիկանությունը դեռ նախաքննության ժամանակ պետք է նման քայլ կատարեր. «Գործով տուժող-ոստիկանները եկան, դատարանում ցուցմունք տվեցին, բայց ոստիկանությունը գույքային պահանջ չի ներկայացրել: Մեղադրյալները 1 տարի 7 ամիս կալանքի տակ են մնացել, մի հատ էլ 150.000 դրամ վճարե՞ն ոստիկանությանը»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հստակեցրեց, որ ոստիկանությունը գործով տուժող էր ճանաչվել դեռ նախաքննության ընթացքում, բայց հիմա կողմերը պետք է կարծիք հայտնեն ՃՈ-ի՝ տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու հարցի շուրջ: Դատախազն ասաց, որ առարկում է: «Չեմ ուզում տպավորություն թողնել, թե պաշտպանի գործառույթ եմ կատարում, բայց չեմ ուզում անգամ տասը դրամ նրանց գրպանից դուրս գա»,-նկատի ունենալով մեղադրյալներին՝ ասաց նա:
ՃՈ գրության առնչությամբ մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը շեշտեց, որ մեղադրանքում գույքային վնասի մասին նշում անգամ չկա, ուստի ՃՈ-ն չի կարող տուժողի կարգավիճակում հանդես գալ:
Ի վերջո, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց՝ առկա չեն հիմքեր, որպեսզի ՃՈ-ն տուժողի դատավարական կարգավիճակում հանդես գա. «Եթե ՃՈ-ն գտնում է, որ գույքային վնաս է հասցվել, կարող է հատուցման պահանջ ներկայացնել, բայց տուժողի կարգավիճակում չի կարող ներկայանալ: Իսկ գույքային պահանջի մասին քաղաքացիական հայց, ինչպես հայտնի է, դատարան չի ներկայացվել»:
Հիշեցնենք, որ համաներման ակտը տարածվում է նաեւ սարիթաղցիների գործերի վրա, սակայն դա կքննարկվի առաջիկա նիստում: Aravot.am-ի հետ զրույցում նրանց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ՃՈ-ի նշյալ գրությունը կապ չունի համաներման ակտի հետ. «Բայց չեմ բացառում, որ իրենք փորձում էին նման կապ իրագործել»: Հարցին՝ «եթե ՃՈ-ն տուժողի դատավարական կարգավիճակ ստանար, դա ազդելո՞ւ էր համաներման իրագործման վրա», պաշտպանը պատասխանեց՝ «ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ