Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես, անկեղծ ասած, զարմացա, որ դուք չհասկացաք, բայց էլի կասեմ». Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Հակոբյանին

Նոյեմբեր 07,2018 16:53

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հակոբ Հակոբյանը դիմելով առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ ասաց. «Մեր մահացության պատճառ դարձած առաջին 4 հիվանդությունների համար 2019-ի բյուջեում ինչքա՞ն գումար է նախատեսված՝ կանխարգելելու»: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ դա ամբողջ առողջության առաջնային պահպանման համար տրված բյուջեն է՝ 26 մլրդ դրամ, որը 5,4 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի: Նա ասաց, որ ծրագրային բյուջեում նշել են, թե ինչ թիրախների են ուզում հասնել քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդությունների դեմ պայքարի, դիաբետի համար:

Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց. «Եթե մենք պայմանական 4 հիվանդությունների ցանկից մեկը վերցնենք, ասենք, քաղցկեղը, եթե մենք դրանց համար առաջնային օղակի՝ արտաբժշկական եւ բժշկական, արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային գումարները նմանեցնում ենք իրար, մեկ տեղից ենք ծախսում, դուք էլ եք իմ հետ համաձայն, որ այդ գումարները ծախսենք ոչ թե կանխարգելելու, այլ՝ բուժելու վրա: Հետեւաբար, ծրագրային բյուջետավորման շրջանակներում մեր նպատակը ի՞նչը պետք է լինի՝ ինչքան փող ծախսենք, ինչքան պակաս հիվանդ ունենանք: Դուք ցուցանիշը նշեցիք, բայց փողի հարցում չկարողացա հասկանալ՝ եթե մեկ տեղից է ծախսվելու, այդ դեպքում դա կծախսվի հստակ հիվանդանոցային ծառայությունների մատուցման վրա, ոչ թե արտահիվանդանոցային: Կծախսվի հիվանդին բուժելու վրա, ոչ թե հիվանդ չունենալու վրա»:

Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Ես, անկեղծ ասած, զարմացա, որ դուք չհասկացաք, բայց էլի կասեմ»: Նա վստահեցրեց, որ հիվանդանոցային բյուջեն ու առողջության առաջնային պահպանման բյուջեն լրիվ առանձին են: Նա բացատրեց, որ կանխարգելում են հիվանդությունները, որ հիվանդանոցային բյուջեն չաճեցնեն նաեւ:

Հակոբ Հակոբյանը հորդորեց նաեւ մանրամասնել էլեկտրոնային առողջապահությունը: Ըստ նրա, սա պետության համար է եւ պետությունը, միայն քաղաքացիների առողջական վիճակի մասին ինֆորմացիա հավաքելու համար պետք է վճարի:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի պահպանման համար նախկինում տարբեր ծրագրերից կտրվել է 500 մլն դրամ ու հատկացվել, այս տարի ի սկզբանե բյուջեում նախատեսել են այդ գումարը հատկացնել: Նախարարը վստահեցրեց, որ այդ համակարգը անհրաժեշտ է ոչ միայն պետությանը, նաեւ բուժհաստատություններին, պացիենտներին. «Այս պահին այդ համակարգը աշխատում է միայն որպես ֆինանսավորման գործիք: Այլ ինֆորմացիա դրա մեջ դեռ չի մուտքագրվում, բացի պացիենտի անուն-ազգանունից, նախնական եւ վերջնական ախտորոշումից ու դրա վրա պետության ծախսած գումարից: Կլինիկական ինֆորմացիա կմուտքագրենք միայն օրենքում փոփոխություններից հետո, հիմա փաստացի օրենքը չի պարտադրում բժշկական հաստատություններին: Օրենքով կլիազորվի կառավարությանը կարգ ընդունել էլեկտրոնային առողջապահության, ինչը հիմա չկա»:

Հակոբ Հակոբյանն ասաց. «Կարծում եմ, դուք էլ եք չէ՞ դեմ, որ 500 մլն վճարենք՝ անուն-ազգանունները գրելու համար: Այս համակարգը պետք է ամբողջությամբ լինի, եթե պետք է 1 մլրդ վճարել, ուրեմն վճարեք»:

Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց, որ այդ 500 մլն-ը չեն տալիս միայն անուն-ազգանունները գնելու համար, այլ՝ ֆինանսական համակարգն աշխատեցնելու: Բացի այդ, նա նետեց, որ այդ համակարգն ինքը չի ներդրել, նախորդ իշխանություններն են արել, ինքը հիմա փորձում է օրենքով ապահովել այդ համակարգի կիրառությունը: Նա ասաց, որ առաջ առանց օրենքի կլինիկական ինֆորմացիայի մուտքագրում էին պարտադրում անել բուժհաստատություններին, իրենք գնում են օրենքի ճանապարհով ու նման պարտադրանք չի լինելու՝ առանց օրենքի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930