Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի որդին՝ Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն․ աշխատակիցները ի նշան բողոքի՝ գործադուլ են հայտարարել

Նոյեմբեր 07,2018 16:48

Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ԲՓԸ-ում այսօր աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում նշանակել տնօրենի ժ/պ Միխայիլ Մկրտչյանին։ Գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել է երեկ Շիրակի մարզպետարանում, ու այն եղել է հրապարակային։ Միխայիլ Մկրտչյանը, որը նույնպես մասնակցել է մրցույթին, չի հաղթահարել բանավոր փուլը։ 6 կողմ, 1 դեմ ձայներով հաղթող ճանաչվել է Զավեն Մանուկյանը։

Aravot.am-ին ԲԿ-ից փոխանցեցին, որ նորանշանակ տնօրենը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի որդին է, իրենց անհայտ անձ է, իրենց բուժհաստատության հետ ընդհանրապես կապ չունի։ Աշխատակիցների տեղեկություններով՝ նա աշխատել է զորամասում, սակայն մրցույթին մասնակցելու պահին գործազուրկ էր։

Ավելին, նրա տվյալները՝ որպես թեկնածուի անսպասելիորեն հայտնվել է առաջադրումների վերջին օրը, երբ մրցույթի համար հայտարարված ժամն արդեն անցել էր։ Մինչդեռ, բուժհաստատությունից որևէ մեկը թեկնածություն չի առաջադրել, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարին չխանգարի։

Աշխատակիցներն ուզում են, որ տնօրեն նշանակվի տնօրենի ժ/պ Մկրտչյան Միխայելը, քանի որ, նրանց ասելով՝ վերջինս իր պաշտոնավարման երեք ամսվա մեջ մեծ փոփոխություններ է արել, կարգ ու կանոն է մտցրել։ Բողոքավորների ներկայացմամբ՝ նա սիրով է շփվում մարդկանց հետ, արագ արձագանքում խնդիրներին, աշխատակիցները ճիշտ ժամանակին են ներկայանում աշխատանքի, տարածքի հիգիենան է վերականգնել։ Աշխատակիցները ոչինչ չունեն նորանշանակ տնօրենի անձի դեմ, սակայն ուզում են ժ/պ-ն պաշտոնավարի, քանի որ, ըստ նրանց, նա 3 ամսվա մեջ հասցրել է անել այն, ինչ մարդիկ չէին անում տաս տարվա ընթացքում։ Նրան ստորագրահավաք են կազմակերպել։

Նորանշանակ տնօրենին դեռ պաշտոնապես չեն ներկայացրել։ Aravot.am-ը զրուցեց նաև տնօրեն ժ/պ Միխայել Մկրտչյանի հետ, որն ասաց, թե մրցույթը նորմալ անցել է, ինքը որևէ բողոք չունի արդյունքների հետ կապված, չի կարողացել բանավոր փուլը հաղթահարել, որովհետև գերծանրաբեռնված աշխատում էր, ժամանակ քիչ է ունեցել։ ժամը 13․00-14․00-ի սահմաններում իրեն հաջողվել է համոզել աշխատակիցներին՝ անցնել բնականոն աշխատանքի։ Նա նաև նշեց, որ ինքը բուժանձնակազմի հետ զրուցել է, ներկայացրել իր հիմնավորումներն առ այն, որ քիթ-կոկորդի բժիշկ աշխատելով՝ շատ ավելի մեծ օգուտ կտա հիվանդներին։

«Ես բազմաթիվ անգամ հորդորել եմ աշխատակազմին, որ նման քայլի չգնան, ժամը 13․00-14․00-ի սահմաններում վերջապես կարողացա իրենց հետ բերել աշխատանքի։ Լավ կլինի եթե գնամ քիթ-կոկորդի բժիշկ աշխատեմ, ես չեմ էլ ուզում մնալ տնօրեն, տնօրենին արգելված է մասնագիտական գործունեություն ծավալելը, իսկ տնօրենի աշխատանքի տևողությունը սահմանված ժամկետով հինգ տարի է, եթե ես հինգ տարի վիրահատություն չկատարեցի, ես կդառնամ սովորական կոնսուլտացիոն բժիշկ, ոչ թե վիրահատող։ Ես, իհարկե, անձնակազմի հետ նորմալ շփվել եմ, մեզ մոտ չի եղել տնօրեն-աշխատակից հարաբերություններ, մեզ մոտ եղել է մարդկային վերաբերմունք, բոլորն իրավահասար մարդիկ են»։

Նա նաև նշեց, որ Զավեն Մանուկյանը իր համակուրսեցին է, նորմալ հարաբերությունների մեջ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ galatv.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930