Հայաստանը պետք է զարգանա նաեւ ներքին ներդրումների հաշվին: Այս համոզմանն է տնտեսագետ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, կառավարության աչքը սովորաբար դրսի ներդրողների վրա է, բայց կարեւոր է, որպեսզի ներքին ներդրողին էլ խթանեն. «Կառավարությունը, չգիտես ինչու, իրենց լավ գործունեության ցուցանիշը համարում է դրսից ներդրումներ բերելը: Ու, եթե դրսի ներդրումներ չկան, ուրեմն տվյալ կառավարությունը լավ չի աշխատում»: Ըստ Գագիկ Մակարյանի, ներդրումներն ընդհանրապես պետք է լինեն թիրախի մեջ եւ հատկապես՝ ներսի ներդրողները, որովհետեւ ներքին ներդրողները մի քանի կարեւորություն ունեն եւ հարգանքի են արժանի:
Մանրամասն՝ տեսանյութում
Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Գագիկ Մակարյանն անդրադարձավ նոր կառավարության կես տարվա գործունեությանը՝ կարեւորելով պետական մակարդակով բարեփոխումները՝ հակառակ դեպքում գործարարները կունենան այն խնդիրները, որոնք նախկին կառավարության օրոք էր: Բյուջեի վերաբերյալ էլ ասաց, որ այն գրեթե չի տարբերվում նախորդից. «Ես ավելի համարձակ բյուջե էի սպասում»:
Պարոն Մակարյանը գտնում է, որ պետք է դիվեսիֆիկացնել տնտեսությունն այնպես, որ տնտեսության տարբեր ճյուղերն ավելի ընդգծվեն եւ երկիրը միայն կախված չլինի ճանապարհներից կամ հանքարդյունաբերությունից:
Aravot.am-ի հարցին, թե տնտեսական ցուցանիշներով անկում է գրանցվել. սեպտեմբերի դրությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 6.5 %, մինչդեռ մինչ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները 9.7 % էր: Այս հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա արտաքին պարտքի մարման վրա, այն դեպքում, երբ եկող եւ դրան հաջորդող տարվանից ամենաշատն ենք վճարելու մեր պարտքից, պարոն Մակարյանը պատասխանեց՝ եթե ՀՆԱ-ն աճի, արտաքին պարտքը տոկոսային հարաբերությամբ՝ կնվազի:
Գագիկ Մակարյանի խոսքով, պարզ չէ առաջիկա քարոզարշավին տնտեսական բլոկի նախարարները ոնց են աշխատելու, երեկոյան, աշխատանքից հետո՞ են մասնակցելու նախընտրական աշխատանքներին, թե նաեւ իրենց աշխատանքի ժամերին են լինելու զբաղված ընտրություններով. «Այդ նախարարների մի մասը դեռ չի էլ հասցրել կարգին աշխատել: Այդ թվում եւ կրթության նախարարը, որոշ այլ նախարարներ: Հիմա նրանք փորձում են ընտրացուցակներում հայտնվել եւ մի 20 օր զբաղված կլինեն այդ գործերով: Այսինքն՝ տարին կվերջանա, բայց մենք էլի կունենանք խնդիրներ, որովհետեւ համապատասխան գերատեսչությունները իրենց գործառույթները լիարժեք չեն հասցնի:
Պարոն Մակարյանը նաեւ գտնում է, որ եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունը ներդրումները կառավարի, այսպես ասած՝ ֆիլտրի եւ ընտրի այն ներդրումները, որոնք մեր երկրին վնասներ չեն հասցնելու. «Ներդրողը գալիս էր հանքարդյունաբերության ոլորտում ի վնաս պետության ներդրում անելու եւ հնարավոր է շահերի բախում կար, կոռուպցիոն ռիսկեր, ատկատներ, ես չգիտեմ, բայց մանավանդ հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ խոշոր ներդրումներ են առաջարկվել, կառավարությունը վազելով գնացել է այդ ներդրումներին, որովհետեւ ինքը ներդրումների դեֆիցիտ ուներ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ