Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը` Տիգրան Ավինյանի ընտանիքի 35 հազար դոլար դրամաշնորհի մասին

Նոյեմբեր 07,2018 16:26

«Գործընթացը սկսվել էր փետրվար ամսից, երբ պարոն Ավինյանն ընդհանրապես քաղաքականության մեջ չկար, որպես կառավարության անդամ: Գործընթացի փուլերի գերազանցապես բոլոր մասերը գրեթե անցած եղել են նախքան իր փոխվարչապետ նշանակվելը: Եվ զուտ գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու հարցին:

Հիշեցնենք, «Հետքը» հրապարակել էր, որ փոխվարչապետի ընտանիքը 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել`չրի արտադրություն հիմնելու համար: Գեղամ Գեւորգյանը նախկինում ղեկավարում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Դրամաշնորհը այդ հիմնադրամից է ստացվել:

«Գրանտը տրամադրելու համար եղել են տարբեր հանձնաժողովներ, որտեղ հիմնադրամի տնօրենը որեւէ ներկայացուցիչ չի ունեցել: Հիմնադրամի տնօրենը չէր կարող նշանակել այդ անձանց կամ ազատել: Որեւէ կերպ ես, որպես հիմնադրամի տնօրեն, չէի կարող առնչություն ունենալ այդ գրանտի տրամադրմանը»,- ասաց Գեղամ Գեւորգյանը, հավելելով, որ իրենք հրապարակել են դրամաշնորհի տրամադրման գործընթացը:

Հրապարակումներ եղան, որ իր ընտանիքին դրամաշնորհի տրամադրումից հետո, Տիգրան Ավինյանն է բարեխոսել եւ Գեղամ Գեւորգյանին առաջադրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար: «Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից: Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին, ինչպես պարոն Ավինյանի, այնպես էլ կառավարության շատ անդամների հետ ունեմ գործնական լավ հարաբերություն: Ես 10 տարի աշխատել եմ կառավարման համակարգում»,- ասաց նա`չհրապարակելով, թե կառավարությունից ո՞վ է նկատել իր տաղանդն ու իրեն աշխատանքի հրավիրել:

Գեղամ Գեւորգյանը հայտարարեց, որ իր գործունեության ընթացքում որեւէ կոռուպցիոն սխեմայում չի եղել. «Այսքան հրապարակումից հետո եթե որեւէ կոռուպցիոն շտրիխ լիներ, հավատացեք` եւ դուք, եւ համապատասխան մարմինները դա վաղուց տեսած կլինեին»:

Գեղամ Գեւորգյանն, ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930