Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր` ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՀԷԿ-երի 85 տոկոսը ջրաչափեր չեն ունեցել, ինչի արդյունքում չարաշահվել է ջրային ռեսուրսների օգտագործումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով վարչապետի հայտարարությանը վերաբերվող լրագրողների հարցերին, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ օրենքով ժամանակ է տրվում բոլոր ՀԷԿ-երին այդ խախտումը վերացնելու համար: 152 ՀԷԿ-ի արդեն տեղեկացրել են`խախտումը վերացնելու մասին:
Նախարարն ասաց նաեւ, որ բազմաթիվ ՀԷԿ-երի մասով ունենք ավելի արտադրված էլեկտրաէներգիա, ինչը ենթադրում է ավելի ջրառ: Այդ տեղեկատվությունը բոլոր ՀԷԿ-երի մասով առանձին-առանձին, ամեն ամիս փոխանցվում է տեսչական մարմնին, որպեսզի համապատասխան գործողություններ իրականացվեն:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`վարչապետի նշած դեպքերով քրեական գործեր հարուցվե՞լ են: «Պարտադիր չէ միայն ՀԷԿ-երի գործով լինի. նաեւ հանքերի եւ այլ գործունեության մասով եւս, երբ ոչ իրավաչափ միջոցառումներ եւ քրեական տարրեր ենք տեսնում, մենք այդ ամբողջ տեղեկատվությունը ուղարկում ենք համապատասխան իրավապահ մարմիններին: Կոնկրետ ՀԷԿ-երի մասով մենք բոլոր ՀԷԿ-երին ծանուցել ենք, որ ջրաչափեր պետք է լինեն, կա խախտում, եւ նրանք պարտավոր են ըստ Ջրային օրենսգրքի, որոշակի ժամանակահատվածում այդ խախտումը վերացնել: Եթե խախտումը չի վերացվում, կրկին ըստ Ջրային օրենսգրքի՝ դա հիմք է, որպեսզի ջրօգտագործման թույլտվությունը դադարեցվի»,- պատասխանեց նախարարը: Իսկ չարաշահումների հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման: «Մենք նմանատիպ խնդիր ունենք Արարատյան ջրավազանում՝ ձկնաբուծարանների կողմից: Կրկին զննման արդյունքում մենք բավական մեծ գումարների վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարել, սակայն կոնկրետ տույժի կիրառումն ու ակտի հիման վրա եզրակացություն տալը տեսչական գործառույթ է»,- ասաց նա:
Նախարարն անդրադարձավ նաեւ ՀԷԿ-երի տերերին. «Այո, ՀԷԿ-երի տերերը կարող են լինել հայտնի եւ ոչ անհայտ մարդիկ, բայց մեզ համար կա օրենսդրություն եւ օրենսդրության պահանջներ: Ցանկանում եմ հավաստիացնել, որ որեւէ անուն կամ ազգանուն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»:
Ի դեպ, դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում Էրիկ Գրիգորյանն առաջադրվելու է ռեյտինգային համակարգով, իր բնակության վայրում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախարարն ասաց, որ ինքը երբեւէ կուսակցության գործունեություն չի ծավալել եւ բացառեց, որ այս փուլում ինքը կանդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ