Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնդեվազի և Ջերմուկի բնակիչներն աջակցություն են խնդրում խաղաղ ցույցերի և ազատ արտահայտման իրավունքի միջոցով կյանքի, բարեկեցիկ բնական միջավայրի իրավունքները պաշտպանելու հարցում

Նոյեմբեր 07,2018 16:08

ՄԱԿ-ի մարդու իրավունքների

գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին

[email protected]

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

[email protected]

 

Պատճենը՝

 

ՄԱԿ-ի հավաքների ազատության հատուկ զեկուցող Կլեմենտ Նյալեցոսի Վուլին

[email protected]

 

ՄԱԿ-ի իրավապաշտպանների դրության հատուկ զեկուցող Միշել Ֆորստին

[email protected]

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և բնական միջավայրի հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդին

[email protected]

 

ՄԱԿ-ի թունավոր նյութերի և թափոնների հարցով հատուկ զեկուցող Բասկուտ Թունչակին

[email protected]

 

ՄԱԿ-ի խմելու ջրի իրավունքի հատուկ զեկուցող Լեո Էլլերին

[email protected]

 

ՄԱԿ-ի ֆիզիկական ու հոգեկան առողջության իրավունքի հատուկ զեկուցող Դաիրիուս Պուրասին

[email protected]

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և տրանսնացիոնալ կորպորացիաների և բիզնեսների հարցով աշխատանքային խմբին

[email protected]

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

[email protected]

 

ՀՀ մշտական ներկայացուցչությանը ՄԱԿ-ում, Ժնև

[email protected]

 

ՀՀ Ջերմուկ համայնքի, ներառյալ՝ Գնդեվազի բնակիչներից

Կոնտակտային անձինք՝ Թեհմինե Ենոքյան և Ահարոն Արսենյան

[email protected], [email protected]

 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից

Կոնտակտային անձինք՝ Արփինե Գալֆայան և Աննա Շահնազարյան

[email protected]

 

Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ից

Կոնտակտային անձ՝ Վիկտորիա Բուռնազյան

[email protected]

 

Հյուման ռայթս հաուս Երևան իրավապաշտպան հկ-ների ցանցից

Կոնտակտային անձ՝ Աննա Ժամակոչյան

[email protected]

Հայաստան, նոյեմբերի 7, 2018թ․

 

Հարգելի տիկին Բաչելետ,

հարգարժան զեկուցողներ,

հարգելի պարոն Փաշինյան և պարոն Թաթոյան,

մենք՝ Հայաստանի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի ներքոստորագրյալ բնակիչներս, մեզ միացած բնապահպանները և մեզ աջակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեզ ուղղված սպառնալիքների վրա և խնդրում ենք Ձեր աջակցությունը խաղաղ ցույցերի, հավաքների և ազատ արտահայտման իրավունքի միջոցով կյանքի, բարեկեցիկ բնական միջավայրի, ջրի, առողջության և մեր բազմաթիվ այլ իրավունքները պաշտպանելու հարցում:

Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Ամուլսար լեռան վրա կատարվող ոսկու հանքի շինարարական աշխատանքները մեծացրել են մեր առողջությանը և կենսապայմաններին ուղղված սպառնալիքները: Հանքանյութ կորզելու աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, սակայն արդեն շինարարության ընթացքում մշտապես առկա փոշին և ջրի աղտոտումը հաստատել են մեր մտավախությունները, որ ոսկու արդյունահանումը և ցիանիդային եղանակով կորզումը չեն կարող անվտանգ լինել մեր առողջության համար՝ լինելով այդքան մոտ մեր տներին: Ավելին, Ջերմուկն այլևս ջրաբուժական և առաջնային տուրիստական վայրից վերածվում է հանքարդյունաբերական քաղաքի, իսկ Գնդեվազ գյուղում ոչնչացվել են մեր ապրուստի միջոցները՝ ծիրանի այգիները, վայրի բույսերի հավաքումը, անասնապահությունը և ձկնաբուծությունը: Մեր տարածաշրջանից և մասնավորապես Ամուլսարից են սնուցվում մի շարք խիստ կարևոր ջրային ավազաններ՝ գետեր, ջրամբարներ, ստորգետնյա ջրեր ու հանքային աղբյուրներ, Սևանա լիճը սնուցող ջրատար թունելը:

2018թ․ մայիսի Թավշյա հեղափոխությունը Հայաստանում նպաստեց բողոքի բազմաթիվ ձայների արտահայտմանը, մարդիկ այլևս չէին վախենում հարցեր բարձրացնել և ազատ խոսել իրենց խնդիրների մասին: Մեր բողոքն առ այն, որ ընդդեմ մեր կամքի ու պաշտոնական համաձայնության ՀՀ նախորդ կառավարությունը տվել է մեր տարածքում բնապահպանական աղետների ռիսկով լեցուն ոսկու հանք արդյունահանելու թույլտվություն, մենք արտահայտեցինք Ամուլսարի հանքի շուրջ ճանապարհները փակելով, քանի որ դատական եղանակով պայքարը արդեն երրորդ տարին է ընթանում, և մոտալուտ հանգուցալուծում դեռևս չի սպասվում: 2018թ. հունիսի 22-ից ի վեր, այսինքն, ավելի քան չորս ամիս է՝ մեր կամքով և մեր մարմիններով փակելով հանք տանող ճանապարհները՝ մենք թույլ չենք տալիս, որ հանքի շինարարական աշխատանքներն ավարտվեն և սկսվի ոսկու կորզման փուլը, ինչն անդառնալի ավեր կպատճառի ոչ միայն մեր համայնքներին, այլև Հայաստանի զգալի մասի բնակչությանն ու բնությանը, իսկ բնապահպանական աղետալի հետևանքերը գուցե նաև տարածվեն Հայաստանի սահմաններից դուրս: Այդուհանդերձ, մեր պահանջներին դեռևս լուծում չի տրվել:

Միևնույն ժամանակ, տեղի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները գնալով սաստկանում են, օրինակ՝ 2018թ․ օգոստոսին 27-ին «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը փորձեց ուժի կիրառմամբ վերացնել ճանապարհների շրջափակումը և բախումներ հրահրեց, իսկ այնուհետև ցուցարարներին զրպարտեց, թե իբր զենք են կրում կամ թմրանյութերի ազդեցության տակ են: Մասնավոր ընկերության հրահրած միջադեպի պատճառով մեզնից շատերին իրավապահ մարմինները հարցաքննությունների են կանչում։

Բացի այդ, «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը դատարան հայցեր է ներկայացրել որոշ ցուցարարների դեմ՝ պահանջելով փոխհատուցել ճանապարհները փակելու ժամանակահատվածում ընկերության կրած նյութական և բարոյական վնասները՝ գնահատելով դրանք օրական հարյուր հազարավոր դոլարներ և այդպիսով՝ մեզ վրա բարդելով նախորդ կոռումպացված կառավարության հետ պայմանավորվածությունների ձախողումները: Ընդ որում, ընկերությունը մամուլում հրապարակում է օրական շուրջ 500․000 դոլարի կորուստ, իսկ դատական հայցերում՝ գրեթե հինգ անգամ դրանից պակաս գումար։

Ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել նաև ընդդիմախոս ակտիվիստների նկատմամբ՝ ներկայացնելով նրանց իր «բարի համբավը վարկաբեկողներ» և «զրպարտողներ»։ Ընկերության ՓիԱր ռազմավարությունն է նաև լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում իրական և ոչ իրական օգտատերերի ու էջերի միջոցով մեզ նվաստացնելն ու վարկաբեկելը, հանրությանը մեր մասին անձնական ապատեղեկատվություն և զրպարտություն տարածելը, մեր նկատմամբ ատելություն հրահրելը։

Միջազգային ներդրողները և նրանց պաշտպանող ԱՄՆ և Միացյալ Թագավորության կառավարությունները նույնպես ճնշում են գործադրում ՀՀ կառավարության վրա՝ կոպտորեն միջամտելով ՀՀ սուվերենությանն ու ժողովրդի շահի պաշտպանությանը՝ հօգուտ մասնավոր բիզնես շահի։

Վերջերս իմացել ենք, որ «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արագ փոխառության կանխավճար, որը գործածվելու է «ընկերության կողմից որոշակի տեսակի ծախսեր կատարելու համար, քանի դեռ ընկերությունը շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ոսկու հանքի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ» (https://lydianinternational.co.uk/news/2018-news/442-): Մենք մտավախություններ ունենք, որ այս գումարն օգտագործելով՝ «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը պատրաստվում է ճշնում գործադրել ՀՀ և օտարերկրյա տարբեր կառույցների վրա, որպեսզի ապահովի դեպի հանք տանող ճանապարհների բացումը: Ընկերության այնպիսի խոշոր վարկատուներ ու բաժնետերեր, ինչպիսիք են Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը (EBRD) և Շվեդիայի արտահանումների վարկավորման հիմնադրամը (EKN Export Credit Fund) որևէ կերպ չեն արձագանքում իրենց վարկառուի նման գործելաոճին: Իսկ վերոնշյալ 3 միլիոն դոլարի վարկի աղբյուրը մեզ հայտնի չէ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և հատուկ զեկուցողներին խնդրում և կոչ ենք անում․

– Հրատապ կարգով անդրադառնալ «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր հանքարդյունաբերական ընկերության ոտնձգություններից սեփական և ապագա սերունդների կենսապայմանների պաշտպանությանը ելած անձանց իրավունքների հարցին՝ առանձին ուսումնասիրությունների, հայտարարությունների, Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների Հայաստան այցելության և այլ հնարավոր միջոցներով, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունը՝ սեփական իրավունքները խաղաղ ցույցերի և հավաքների միջոցով արտահայտելիս, և դադարեցվեն մասնավոր ընկերության կողմից քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներն ու հալածանքները։

ՀՀ կառավարությանը խնդրում և կոչ ենք անում՝

– Ապահովել Ամուլսարում սեփական իրավունքներն իրացնող քաղաքացիների պաշտպանությունը մասնավոր ընկերության կողմից ոտնձգություններից և հալածանքներից:

– Արդեն իսկ առկա այլընրանքային հետազոտություններում (նաև միջազգային փորձագետների կողմից արված) առկա փաստերի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը։

– Եթե դրանք կառավարության կարծիքով բավարար չեն, ապա իրականացնել հավելյալ և համապարփակ ուսումնասիրություններ՝ ուղղված (1) Ամուլսարի տեղանքի նման վայրում հանք բացելու արդյունքում ՀՀ բնակչության առողջության և սոցիալական դրության վրա բացասական ազդեցության բացահայտմանը, (2) վայրի բնության ու հատկապես վտանգված կենդանատեսակների ու բուսատեսակների պաշտպանությանն ուղղված ՀՀ ներպետական և միջազգային պարտավորությունների խախտման գնահատմանը, (3) Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի ջրային ավազանները սնուցող գետերի աղտոտման, Ջերմուկի հանքային ջրերի, Կեչուտ-Սպանդարյան թունելի և Սևանա լիճ տեղափոխվող ջրերի վրա բացասական ազդեցությունների գնահատմանը, (4) ապագա սերունդներին հասցվելիք վնասի հաշվարկմանը: Հանրայնացնել դրանք և դնել հանրային քննարկումների: – Մինչև նման ուսումնասիրությունների ավարտն արգելք դնել Ամուլսարում հանքարդյունաբերական կամ շինարարական աշխատանքների իրականացման վրա:

– Ապահովել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների Հայաստան այցելության համար անհրաժեշտ վարչարարական և նյութատեխնիկական պայմաններ։

Պատրաստ ենք տրամադրել Ամուլսարում ոսկու հանք բացելու հետ կապված բնապահպանական, տնտեսական և սոցիալական սպառնալիքների հետ կապված առկա նյութերն ու ուսումնասիրությունները։

Հարգանքով՝

Գնդեվազի և Ջերմուկի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930