«Մենք ունենք հասարակություն, որը ավելի շատ անվտանգության պահանջ, քան վերաինտեգրման պահանջ է դնում քաղաքական գործիչներին ու հագուրդ է տրվում առաջին պահանջին: Հասարակությունը քանի որ պատրաստ չէ հետ ընդունել այն անձանց, որոնք կրում են ազատազրկման վայրում գտնված անձի խարանը, այս առումով խնդիր ենք ունենում վերաինտեգրման հետ»,- այսօր «Մեդիա» կենտրոնում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ազատազրկումից հետո հասարակությանը վերաինտեգրվելու դժվարություններին:
Ըստ նրա՝ ՝հատկապես վերաինտեգրման խնդիր են ունենում ազատազրկված կանայք. «Կանանց պարագայում ունենք դեպքեր, քրեակատարողական հիմնարկներից դուրս գալուց հետո կանայք վերադառնում են դատարկ բնակարաններ, ամուսինները լքում են նրանց, ընկերներն են երես թեքում, երեխաների հետ կապն է խզվում, մինչդեռ ազատազրկման մեջ գտնվող տղամարդկանց պարագայում ընտանիքները սպասում են նրանց»:
Իրավապաշտպանի խոսքով, կրթության պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են հայտնվում քրեակատարողական հիմնարկներում, իսկ ազատազրկման վայրերում կրթական խնդիրների լուծման բացակայությունը բերում է նրան, որ երբ մարդը դուրս է գալիս հիմնարկից, աշխատաշուկայում դուրս է մնում մրցակցությունից:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ կարծում է, որ հանցագործությունների թիվը նվազեցնելու պետական քաղաքականություն է պետք, ըստ նրա՝ պետք է աշխատել քրեակատարողական հիմնարկ գնացող մարդկանց թիվը նվազեցնելու, ոչ թե այնտեղից դուրս եկողների վերաինտեգրման համար միջոցներ ծախսելու ուղղությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի